Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը շրջեց Կենտրոն վարչական շրջանում:
Երևանի քաղաքապետի թեկնածուն նախ պատասխանեց լրագրողների հարցերին, որից հետո սկսեց քայլերթը համայնքի փողոցներով, և ինչպես նախորդող օրերին՝ քաղաքացիներն այսօր ևս ջերմությամբ էին ողջունում Զարուհի Փոստանջյանին: Ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբի անդամները քաղաքացիներին բաժանեցին թռուցիներ, ծանոթացրեցին կուսակցության նախընտրական Ծրագրի հիմնադրույթներին, որոնց իրականացումը հիմնովին կլուծի Երևանի բազում խնդիրները և ամբողջապես կարդարացնի երևանցիների սպասումները: Երևանի քաղաքապետի թեկնածուն երեկոյան եղավ նաև մետրոպոլիտենի Երիտասարդական, Հանրապետության հրապարակ և Մարշալ Բաղրամյան կայարաններում, ուղևորների հետ ունեցավ անմիջական և անկեղծ շփումներ:
Մայրաքաղաքի բնակիչները, ինչպես ցույց տվեց քարոզարշավի ողջ ընթացքը, ցանկանում են Երևանի կառավարումը վստահել սկզբունքային, խիզախ, մաքուր խղճով և ձեռքերով, հմուտ և գործնական Զարուհի Փոստանջյանին, ով իր քաղաքացիական և քաղաքական ճանապարհն անցնում է բացառապես ԱՐԴԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ: Ժամը 18:00-ին Զարուհի Փոստանջյանը ներկա գտնվեց Ազգային ժողովի հիմնադրման 100-ամյա տարեդարձին, որը տեղի ունեցավ Ազգային ժողովի բակում: Զարուհի Փոստանջյանն ուղիղ եթերով նկարահանելով միջոցառումը՝ ընդգծեց, որ Ազգային ժողովը չունի ներկայացուցիչներ Արցախից, չի ձևավորվել համայն հայության քվեով, և անհրաժետ է, որ խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցները:
Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի օրը, որին նաև համընկել է Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Եռաբլուր պանթեոնում հանդես կգա Ուղերձով, որը կսկսվի առավոտյան 10:00-ին:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն