Բռունցքներով հարվածներ է հասցրել փոքրիկի դեմքի շրջանին, ապա մեջքին, գլխին և մարմնի տարբեր մասերին․ դաժան սպանության մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով
մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն՝ մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին բժշկական կենտրոնից ահազանգ է
ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ երեխայի դի՝ բռնության հետքերով։
Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների
արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փոքրիկը կյանքի հետ անհամատեղելի մարմնական
վնասվածքներն ստացել է իր բնակության վայրում՝ հոր կողմից հասցված հարվածների հետևանքով։
Նախնական քննության տվյալներով՝ 32-ամյա տղամարդը 2018 թվականի սեպտեմբերի 28-ին իրենց
կացարանում բռնություն է գործադրել մանկահասակ որդու՝ ծնված 18.12.2017թ., նկատմամբ։ Մասնավորապես՝
ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել փոքրիկի դեմքի շրջանին, ապա, վերջինիս դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, նաև՝ մեջքին, գլխին և մարմնի տարբեր մասերին: Նկատելով ամուսնու կողմից երեխայի նկատմամբ բռնության գործադրումը՝ մայրը, ձեռք բերված տվյալների համաձայն, փորձել է միջամտել, սակայն ընտանիքի հայրը բռնություն է գործադրել նաև նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածելով գլխին, ապա՝ նաև ապտակել։ 32-ամյա տղամարդուն հոկտեմբերի 1-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ոստիկանության աշխատակիցների հետ միասին ձեռնարկվում են
անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու,
բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։




Լրահոս