Երևանի խնդիրները մեծ գրքով ներկայացնելու եմ քաղաքապետարանում. Արթուր Իսպիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես Երեւանի ամեն քարը գիտեմ, ամեն քանդածի հետ ցավում եմ ու կառուցված ամեն գեղեցիկ շինության հետ՝ ուրախանում: Բավական խնդիրներ կան, որոնք մեծ գրքով ներկայացնելու եմ քաղաքապետարանում: Բոլոր խնդիրները հերթով լուծելու ենք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգիչ Արթուր Իսպիրյանը, ով «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընդգրկվել է Երեւանի ավագանու կազմում:

Նրա խոսքով՝ քաղաքային նախկին իշխանությունը Երեւանի հետ կապված ցանկացած որոշում կայացնում էր իր անձնական շահերից եւ բիզնես նկատառումներից ելնելով. «Նախկին իշխանության անդամներն ապականեցին ամբողջ փոքր կենտրոնը, առաջ բերեցին քաղաքաշինական անլուծելի խնդիրներ: Ինչպե՞ս կարելի էր քաղաքում կանգնեցնել մի շենք, որը կխաթարեր Հաղթանակի այգուց երեւացող Արարատի չքնաղ տեսարանը: Պարզապես չգիտեմ ինչ պատիժ է հասնում այդ շինարարությունը թույլատրողին եւ իրականացնողին: 26 տարի շարունակ լափել ու բզկտել են մեր քաղաքը: Իսկ հիմա արդեն ժողովուրդն է մայրաքաղաքի հետ կապված կարեւոր վճիռներ կայացնելու»,- շեշտեց պարոն Իսպիրյանը:

Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանից, թե՛ սփյուռքից մի շարք անվանի ճարտարապետներ, ազդեցիկ մարդիկ պարբերաբար խորհուրդներ են տվել քաղաքային նախկին իշխանությանը, որոնց, սակայն, վերջինս չի անսացել. «Օրինակ՝ Թուֆենկյանը Հյուսիսային պողոտան կառուցելու իր տարբերակն էր առաջարկում, որ ընդունեին, հիմա գեղեցիկ, հիներեւանյան պողոտա կունենայինք, որտեղով անցնելուց կհպարտանայինք, ոչ թե կամաչեինք»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Պարոն Իսպիրյանը վստահեցնում է, որ ավագանին այլեւս քաղաքը վնասող հակաերեւանյան որոշումներ չի կայացնելու. «Ես ճանաչում եմ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով անցած ավագանու անդամներին, սկսած՝ Հայկ Մարությանից բոլորն էլ ազնվագույն մարդիկ են: Երբ բոլորս թմբիրի մեջ էինք, Հայկը պայքարում էր Երեւանի համար՝ վտանգելով իր կարիերան»,-ասաց երգիչը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու կազմում ընդգրկվել են մշակույթի մի շարք գործիչներ եւ մտավորականներ: Նրանց թվում են նաեւ երգչուհի Լիլիթ Պիպոյանը, գրող Կարեն Անտաշյանը, Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը եւ այլք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս