ՀՀ վիճակագրական կոմիտեն Հայաստանում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սննդամթերքի շուկայում արձանագրել է թանկացումներ: Այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գնաճը կազմել է ընդամենը 2.6 տոկոս:
Ի դեպ, սպառողական շուկայում այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ: Ըստ վիճակագրական կոմիտեի` սննդամթերքի եւ ալկոհոլային խմիչքի դեպքում գնաճը կազմել է 1.2 տոկոս: Մասնագետների պնդմամբ` այս ամենի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի` 2.2, մսի` 2.3, կաթնամթերքի` 4.9 տոկոս գնաճը: Բանջարեղենի շուկայում եւս արձանագրվել են թանկացումներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, բանջարեղենը թանկացել է 2.2 տոկոսով: Իսկ ահա անցած տարվա սեպտեմբերի համեմատ բանջարեղենի գները բարձրացել են 19.2 տոկոսով:
Նշենք, որ մսամթերքի շուկան եւս զերծ չի մնացել թանկացումներից. մսամթերքը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, թանկացել է 2.3 տոկոսով: Բայց անցած տարվա սեպտեմբերի համեմատ այն թանկացել է 10.8 տոկոսով: Թանկացել է նաեւ կաթնամթերքը, պանիրը եւ ձուն: Առաջին անհրաժեշտության նշված երեք սննդատեսակների շուկայում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրված գնաճը կազմել է 4.9 տոկոս, ինչին նպաստել է ձվի 26.2 տոկոս թանկացումը:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ սննդամթերքի շուկայում 9 ամիսների ընթացքում արձանագրված գնաճը կազմել է 2.4 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Այսինքն` սննդամթերքի գծով լուրջ գնաճ չենք ունեցել: Հնարավոր է որոշ ապրանքատեսակներ թանկացել են սեզոնային գործոնով պայմանավորված, օրինակ` բանջարեղենը այս ամիսներին, ամռան համեմատ, թանկանում է. այսօր լոլիկի գինը 500-700 դրամ է: Ալկոհոլային խմիչքները, ծխախոտը 4.3 տոկոսով են թանկացել: Չէ՞ որ ակցիզային հարկի ավելացում է եղել, բնականաբար դա ազդում է թե՛ ներքին արտադրության, թե՛ ներմուծման վրա: Բյուջեն համալրելու ձեւ է, թող չծխեն մարդիկ, եթե շատ են ուզում ծխել, ապա թող վճարեն»,- նկատեց մասնագետը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հագուստի ու կոշիկի շուկայում այս տարվա 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրված գնաճը կազմել է 4.4 տոկոս: «Հագուստի եւ կոշկեղենի հիմնական մասը Թուրքիայից է ներկրվում եւ այնտեղ հայտնի դեպքերի` լիրայի արժեզրկման եւ սանկցիաների հետ կապված` 9-10 տոկոս գնաճ կա: Բնականաբար, այդ գնաճի մի մասն էլ ազդել է այս ապրանքախմբերի վրա: Նաեւ ընդհանուր գնաճի ֆոնին կառանձնացնեմ տրանսպորտի թանկացումը, որը հիմնականում կապված է Վերին Լարսի անցակետի հետ: Դրանով է պայմանավորված նաեւ օդային փոխադրումների` օդանավերի տոմսերի թանկացումը: Սա, այո, ազդել է տրանսպորտի սակագնային դինամիկայի վրա, եւ գնաճը կազմել է 8.3 տոկոս»,- ներկայացրեց Ատոմ Մարգարյանը:
Ըստ մասնագետի` մսամթերքի շուկայում գներն այդքան էլ մեծ թռիչք չունեն, ինչը կարագի դեպքում կա: Քանի որ միջազգային շուկայում կարագի գները աճել են, ինչը ազդել է ընդհանուր իրավիճակի վրա եւ գնաճային որոշակի ճնշում է ավելացրել: «Բայց մեր ներքին շուկայի սննդամթերքի մասով, հատկապես ձվի գնի թռիչքը կարող եմ մատնանշել: Օրինակ` 2017-ի սեպտեմբերի համեմատ` այս սեպտեմբերին 26.2 տոկոսով ձուն թանկացել է: Հիշում եք` նախորդ տարում արտադրողները կազմակերպված իջեցրին գները: Ես որքան հասկանում եմ, դա կազմակերպված, ինչ որ մի տեղ դեմպինգային գործողություն էր. շուկայից դուրս մղել ավելի ոչ մրցունակ եւ քիչ արտադրող ընկերություններին, հետո գները կտրուկ բարձրացնել: Այս թեման ես կարծում եմ, որ պետք է դառնա ՏՄՊՊՀ-ի օրակարգ: Եւ պետք է լրջորեն հետեւել, թե ձու արտադրողները ինչու ձայն ձայնի տված բարձրացրեցին գները»,- հայտարարեց տնտեսագետը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ատոմ Մարգարյանը նկատեց, որ խոշոր արտադրողները կարող են խմբիշխանություն ստեղծել եւ իջեցնել գները, ինչի արդյունքում փոքր արտադրողները չեն տեղավորվում այդ գնի եւ ծախսերի մեջ, սնանկանում եւ դուրս են գալիս շուկայից, ինչից հետո խոշոր արտադրողները կազմակերպված բարձրացնում են գները. «Ես չեմ պնդում, որ դա այդպես է, բայց տպավորությունն է այդպիսին»:
Տնտեսագետի խոսքերով` մսամթերքի ոլորտում եւս խնդիր կա: Պարզվում է, որ այս տարվա գյուղատնտեսական տարին ազդել է իրավիճակի վրա եւ 2017 սեպտեմբերի համեմատ` այս սեպտեմբերին մսամթերքի ոլորտում գները 10.8 տոկոսով ավելացել են: Ըստ Ատոմ Մարգարյանի` սա պայմանավորված է ե՛ւ անասնագլխաքանակի նվազման, ե՛ւ կերի թանկացման հետ: «Մարդիկ, չկարողանալով կեր ձեռք բերել սկսում են մասսայաբար անասունները մորթել, իսկ այս տարվա գարնանը նման իրավիճակ էր: Ես կարող եմ ավելի լավ լուր ասել, օրինակ, բանանը կայուն էժանացել է, Ռուսաստանում եւ Վրաստանում եղած գների սահմաններում է, այնպես որ, շուկաները սկսել են աշխատել»,- լրացրեց տնտեսագետը:
Մյուս կողմից բենզինի, դիլզելային վառելիքի գները, անցած տարվա սեպտեմբերի համեմատ, այս սեպտեմբերին շոշափելի աճ են գրանցել. բենզինը թանկացել է 16.2, իսկ դիզելային վառելիքը` 28.8 տոկոսով: Սակայն սրան եւս մասնագետն իր բացատրությունն ունի. «Ես կապում եմ սա ավելի շատ ստվերից դուրս բերելու հետ: Ես մտածում եմ, որ այս ընկերությունները սկսել են հարկերը շատ վճարել, դրան զուգահեռ գներն են բարձրացրել: Ավելին, Ռուսաստանում ակցիզային հարկը բենզինի դիզվառելիքի նկատմամբ բարձրացվել է երկու անգամ, եւ դա ազդել է նաեւ ներկրվող բենզինի գների վրա»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան