Հարց քաղաքացիներից` ե՞րբ կարող է քաղաքացին հերթագրվել և ստանալ ավանդի իր գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես բանկում ավանդ ունեմ: Գնացել եմ, որպեսզի որպես ավանդատու հերթագրվեմ, սոցապ բաժնում չեն հերթագրում, ուղարկում են Փարոս: Փարոսում էլ տեղեկացնում են, որ դա իրենց գործը չէ: Խնդրում եմ` ասեք` ի՞նչ կարող եմ անել: Ե՞րբ կարող եմ հերթագրվել եւ ստանալ ավանդի իմ գումարը:

Արշավիր Գալստյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն հետեւյալ անձինք`

1) մինչեւ 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

2) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:

4) ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

Նշված սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարող անձինք կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն: Գրանցման հետ կապված խնդիրների դեպքում կարող եք տեղում զանգահարել 114 թեժ գիծ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք` գոնե այսքանից հետո փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում քաղաքացուն կընդունեն սահմանված կարգի համաձայն եւ կուղղորդեն, թե ինչ պետք է անի նա որպես ավանդատու հերթագրվելու համար:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս