Հոկտեմբերի 9-ին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց: «Դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար՝ հույս ունենալով, որ նոր ղեկավարը մեր՝բնակիչներիս հետ միասին, պատրաստ կլինի կիսելու վարչական շրջանի հոգսերը, իսկ մենք մեր հերթին պատրաստակամություն կհայտնենք օգնելու՝ ավելի լավ էրեբունի կառուցելու գործում»,- մասնավորապես նշել էր Դավիթ Գրիգորյանը:
Մոտ երկու տարի առաջ պաշտոնանկ արվեց Էրեբունու նախորդ թաղապետը՝ Արմեն Հարությունյանը, ով Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է։ Նշանակվեց Էրեբունու հեղինակությունների հետ սերտորեն կապված, Անդրանիկ Մարգարյանի սանիկի՝ «Պիստ Արմենի» մտերիմներից մեկը՝ Դավիթ Գրիգորյանը։
Գյուղատնտեսի մասնագիտությամբ թաղապետը շուրջ 16 տարի՝ 1996-ից, աշխատել է հարկայինում՝ սկզբում Էրեբունու հարկայինում, հետագայում դառնալով հարկային տեսչության պետի տեղակալ, ապա պետ՝ տարբեր տարածքներում։ 2012թ․ աշխատանքի է անցել մետրոպոլիտենում՝ որպես տնօրենի առաջին տեղակալ, ապա տնօրենների խորհրդի նախագահ։ Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Էրեբունու հարկայինում տեսուչ աշխատելու տարիներին՝ 1990-ականներին, Դավիթ Գրիգորյանն աշխատանքի էր գնում ծառայողական «Մերսեդեսով», ինչը հարուցում էր պետերի զայրույթը։
Էջմիածնում աշխատելու տարիներին էլ իր դեմ էր հանել տարածքի տնտեսվարողներին, որոնք անգամ բողոքի ակցիա են անցկացրել ՊԵԿ-ի դիմաց՝ 2002թ․։ Մետրոպոլիտենից հեռանալուց հետո էլ իր պաշտոնը «կտակել» է հարկայինի իր ընկերոջը, ով բարձր պաշտոն էր զբաղեցնում ՊԵԿ-ում:
Ավելի ուշ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Դավիթ Գրիգորյանը սերտ կապերի մեջ է «Պիստ Արմենի» հետ, ինչը Գրիգորյանը չի հերքել. Պիստ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանն իր մանկության ընկերն է: «Իմ մտերիմն ա, իմ մանկական ընկերը, բայց նա որևէ բռնության գործողության չի մասնակցել, իսկ եթե մասնակցել է, ապա պատասխան կտա»,- մի առիթով ասել էր Գրիգորյանը:
Խոսքը այս տարվա ապրիլին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ու դրանց հաջորդած իրադարձությունների մասին է: Ըստ լուրերի` մեծ աղմուկ բարձրացրած զանգվածային անկարգությունների մեջ շրջանառվում էր Արմեն Իսրայելյանի անունը, իսկ նրան, ըստ նույն լուրերի, հովանավորում էր արդեն նախկին թաղապետը:
Ի դեպ, հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը սպանված նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը Դավիթ Գրիգորյանի խնամին էր. վերջինիո դուստրը Կարո Կարապետյանի որդու կինն է:
Նրա հրաժարականն ու նախկին պատգամավորի սպանությունը հաջորդեցին իրար: