Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը քննարկում է Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագիծը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակը երկրում ժողովրդավարական ընտրական ինստիտուտների կայացումն է, Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի ապահովումը, ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ ընտրական իրավունքի իրացումը: Հայաստանում ընտրական ինստիտուտների նկատմամբ ընկալումը և վերաբերմունքը չեն համապատասխանել Սահմանադրության առաջին հոդվածով սահմանված նոր նպատակներին, ինչի վերաբերյալ առկա են բազմաթիվ արձանագրումներ:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կոչված են երաշխավորելու և ապահովոլու այդ սկզբունքները և նորմերը և ապահովել ընտրական օիբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքները: Այդ ընկալումները 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրեցին իշխանափոխության, թավշյա հեղափոխության: Ոչ վաղ անցյալում Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին երկրում քաղաքական ներկապնակի իրական պատկերը:
Այս ամենը հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկայացրել է հրաժարական, և պայմանավորվածությունների արդյունքում նախատեսվում է դեկտեմբերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Արտահերթ ընտրությունների նպատակն է հանգուցալուծել երկրում առկա ճգնաժամը, հակասահմանադրական վիճակը, որը պայմանավորված է Ազգային ժողովում կայուն քաղաքական մեծամասնության բացակայությամբ»,- ասաց Զեյնալյանը:
Այնուհետև ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում առաջարկվող հիմնական փոփոխությունները: Նա նշեց, որ առաջարկվում է վերացնել թեկնածուների տարածքային ցուցակները և անցնել պարզ համամասնական ընտրակարգի, վերացնել կոալիցիաների ձևավորման սահմանափակումները և ընդլայնել ժամկետները՝ 6 օրվա փոխարեն 10 օր:
«Կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմն առաջարկվում է իջեցնել՝ կուսակցությունների համար ներկայիս 5 տոկոսը դարձնելով 4, իսկ դաշինքների համար 7 տոկոսը՝ 6 տոկոս: Առաջարկվում է նվազեցնել նաև ընտրագրավը՝ ներկայիս նվազագույն աշխատավարձի 10 հազարապատիկի փոխարեն դարձնելով 4 հազար հինգ հարյուրապատիկ»,- մանրամասնեց Զեյնալյանը:
Առաջարկվում է նվազագույնը երեք կուսակցությունների և դաշինքների փոխարեն թույլատրել Ազգային ժողովում ներկայացված լինել առնվազն 4 կուսակցություն կամ դաշինք և մանդատների բաշխումը իրականացնել նրանց միջև: Առաջարկվում է նաև կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում՝ 25 տոկոսի փոխարեն սահմանելով 30 տոկոս:
Նախագծում ներառվել են նաև մի շարք լրացուցիչ մեխանիզմներ ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Առաջարկվում է մեխանիզմ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրական ցուցակներից հանելու համար: Նախագծով առաջարկվում է ներդնել նաև ընտրությունների մասին իրազեկվածության բարձրացումն ապահովելու մեխանիզմ: