Ալավերդու ավելի քան 500 աշխատող ունեցող պղնձաձուլական գործարանն այսօր դադարեցրեց աշխատանքը։
«Վալլեքս» խմբի՝ ՎՏԲ բանկին ունեցած խոշոր պարտքի դիմաց գործարանն անցել է ռուսաստանյան այս բանկին։ Մեկ ամիս առաջ «Վալլեքս» խումբը կորցրել էր նաև Թեղուտում շահագործվող հանքավայրը։
Չնայած ընկերության համար ստեղծված ֆինանսական խնդիրներին, մեկ շաբաթ առաջ գործարանում տեղի էր ունեցել հանրային քննարկում, որտեղ գործարանը շահագործող Էյ-Սի-Փի ընկերությունը վերջնագիր էր փոխանցել կառավարությանը՝ նշելով, որ իրենց երեք պահանջները չբավարարելու դեպքում կդադարեցնեն աշխատանքը։
Բնապահպանական խախտումների համար մեկ ամիս առաջ 387 միլիոն դրամով տուգանված ընկերությունը կառավարությունից պահանջել էր չեղարկել տուգանքն ու 6-7 անգամ բարձրացնել արտանետումների սահմանային թույլատրելի նորմերը։
Այս շաբաթ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը բանակցել են։ Փաստորեն արդյունք չտված բանակցությունների մասին դեռևս պաշտոնական հաղորդագրություն չկա։
Այսօր գործարանի աշխատակիցներն արդեն ծանուցում են ստացել աշխատանքից ազատվելու մասին, որից հետո փակել են դեպի Վրաստան տանող մայրուղին՝ ի նշան բողոքի։
Ինչպես հայտնի է` հոկտեմբերի 15-ին կայացել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի դռնփակ հանդիպումը, որը «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով անպտուղ է եղել: Հայտնել էինք, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանը պետք է դադարեցներ իր գործունեությունը:
Պատճառները երկուսն են: Առաջինը վարկային պարտավորություններն են, որոնք ընկերությունը չի կարող մարել, քանի որ գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ռուսաստանյան ՎՏԲ բանկում: Իսկ փակման երկրորդ պատճառը բնապահպանության եւ ընդերքի պետական տեսչական մարմնի տուգանքն է`380 մլն դրամի չափով: Ըստ տեսչական մարմնի` ընկերությունը նշված գումարի չափով շրջակա միջավայրին վնաս է հասցրել: Բացի այս, տեսչական մարմինը ընկերությանը հանձնարարական է տվել մինչեւ տարեվերջ 90 տոկոսով նվազեցնել արտանետվող ծծմբային անհիդրիդի քանակը: Աշխատողների պատմելով` գործարանի ղեկավարությունը պետք է ֆիլտրեր տեղադրի, սակայն դրա հնարավորությունը չունի: Արդյունքում ընկերությունը որոշել է դադարեցնել գործունեությունը:
Փաստորեն, Ավինյանի հանդիպումն այդպես էլ հարցը չլուծեց: Ինչպես միշտ երիտասարդ կադրերը իրենց հույսը դնում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վրա` սպասելով, թե նա ինչ որոշում կկայացնի..
Իսկ այսպես մինչև ե՞րբ…