«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ի սկզբանե 3 անկուսակցական թեկնածուներ էին՝ Հունան Անանյանը, Լիպարիտ Թիրաբյանը, Գրիգոր Սարհատյանը: Սեպտեմբերի 27-ին Հ. Անանյանն ինքնաբացարկ հայտնեց: Ընտրացուցակում ներառված 264 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 175-ը: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Սարհատյանը ստացել է 97, իսկ Թիրաբյանը՝ 74 քվե: Նշենք, որ Սարհատյանը Լուսահովտի նախկին գյուղապետ, հանգուցյալ Վոլոդյա Սարհատյանի որդին է:
Բայց ուշագրավն այն է, որ նորընտիր համայնքապետը 2 տարի առաջ դատապարտվել է անասնագողության համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 1984թ. ծնված, ութամյա կրթությամբ Գ. Սարհատյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի «Կարմրուտ» հանդամասից գաղտնի հափշտակել է Խաշթառակ գյուղի բնակիչ Գրետա Թիրաբյանի ընտանիքին պատկանող, 1 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 7 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: