Դեռեւս արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կառավարության կառուցվածքում փոփոխություններ եւ օպտիմալացումներ կատարելու ցանկության մասին։ Եվ ահա արտահերթ խորհրդարանական ընտրություններում լիակատար հաղթանակից հետո նրանք անցել են գործնական քայլերի, որոնք, սակայն, դրական չեն ընդունվել օպտիմալացման ենթակա գերատեսչությունների աշխատակիցների կողմից:
Եվ, ահա, երեկ արդեն լուծարված խորհրդարանի դեռեւս ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս նախագիծը դեռեւս գտնվում է սաղմնային փուլում եւ նույնիսկ տեղադրված չէ իրավական ակտերի ընդհանուր միասնական կայքում: Սակայն նախկինում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած, հետո պատգամավոր դարձած Հովհաննիսյանին հաջողվել է ունենալ այդ նախարարությունում մշակված նախագիծը։ Ինչեւէ, երեկ Արփինե Հովհաննիսյանի կողմից հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ կառավարությունը նախատեսում է 17 նախարարության փոխարեն ունենալ 12-ը։
Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ նախարարությունները՝
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
Առողջապահության նախարարություն
Արդարադատության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Բնապահպանության նախարարություն
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն
Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն
Ֆինանսների նախարարություն։
Նախագծի համաձայն՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Ջրային կոմիտեն միավորվում են Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:
Մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Այն կոչվելու է Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն: Նոր անվամբ նախարարությունը, որն իր մեջ նաեւ պարունակում է ռազմաարդյունաբերություն բառը, միավորում է Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունը եւ կոչվելու է Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերական նախարարություն: Սփյուռքի նախարարությունը վերացվում է, անունը եւս չի պահպանվում որեւէ այլ նախարարության վերտառության մեջ, գործառույթները կիրականացնի ԱԳՆ-ն:
Եվ ինչպես տեսնում եք , կարծես թե ձեւավորվելու են նոր «սուպեր» նախարարություններ` ի դեմս Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, որի տիրույթում կլինեն նաեւ տրանսպորտը, պետական գույքի կառավարման կոմիտեն: «Սուպեր» նախարարություն է թերեւս Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը։ Եվ այդ «սուպեր» նախարարությունների կողքին մյուսները կգործեն առանձին։
Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով այս նախարարություններին մեծ գումարներ են հատկացվել։ Օրինակ` 2019 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 15 մլրդ դրամից մի փոքր ավել գումար: Ընդ որում, այդ գումարը ավել է եղել 2018 թվականի պետական բյուջեի հատկացումներից, այն ժամանակ հատկացված է եղել 11 մլրդ դրամ։ Գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 16 մլրդ 85 մլն դրամ, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը՝ 47 մլրդ 947 մլն դրամ։ Գրեթե նույնքան գումար է հատկացված եղել Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ 45 միլիարդ 197 միլիոն դրամ։ Այս նախարարությունից, ինչպես հայտնի է, տրանսպորտի ոլորտն առանձնացվելու է։
Ամենաքիչ գումարը ստացած է եղել Սփյուռքի նախարարությունը, որն էլ առհասարակ լուծարվում է։ 2019 թվականի բյուջեով հատկացված է եղել 1 մլրդ 148 մլն դրամ։ Իսկ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված է եղել 4 մլրդ դրամ։ Այսինքն` այդ գումարների մեծ մասը տնտեսվելու է, չնայած դա արվելու է մեծ թվով աշխատատեղերի կրճատման շնորհիվ նաեւ։
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը երեկ, ի պատասխան հրապարակված նախագծի, նշել է. «Ես չգիտեմ՝ կառավարության կառուցվածքի մասին օրինագծի ինչ տարբերակ է շրջանառվում։ Դա Արփինե Հովհաննիսյանի կողմից հրապարակված ինչ-որ փաստաթուղթ է, որի մասին ես պատկերացում չունեմ։ Կա ներքին շրջանառության համար տարբերակ, որը վերջնական տեսք կստանա բոլոր գերատեսչություններից ստացված նկատառումները եւ առաջարկությունները հաշվի առնելուց հետո»։ Այսինքն` չի բացառվում, որ բոլոր նախարարություններում քննարկումներից հետո փոփոխություններ լինեն։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴԱՎԻԹ & ԱՐՓԻՆԵ
ՀՀԿ ԳՄ անդամ, Արդարադատության նախկին նախարար, նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը որոշել է իրավաբանական ընկերություն հիմնել։ Արդեն պատրաստ է ե՛ւ գրասենյակի վայրը, ե՛ւ անվանումը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գրասենյակը գործելու է «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում եւ կոչվելու է «Դավիթ & partners»: Ինչպես կարելի է դատել ընկերության անվանումից, նրա հետ նույն իրավաբանական ընկերությունում աշխատելու են նաեւ նրա ընկերները։ Մեր տեղեկություններով` ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւս միանալու է այդ ընկերությանը։ Ակնհայտ է, որ խորհրդարանն իրավական ուժով արձակվելուց հետո նոր ԱԺ-ում չհայտնվելով` պատգամավորները պետք է փորձեն այլ զբաղմունք գտնել, չնայած Ա.Հովհաննիսյանը նաեւ դասավանդում է ԵՊՀ-ում եւ այս շրջանում ունեցել է աշխատանքի առաջարկներ նաեւ արտերկրից։
ԱՄՍԻ 17-ԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վարդենիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի՝ 2019 թվականի փետրվարի 17-ին։ Ինչպես հայտնի է, Վարդենիս համայնքի նախկին ղեկավար Արամ Հարությունյանն իր պաշտոնից հրաժարական տվեց այս տարվա դեկտեմբերի 3-ին։ Եվ արդեն նրա հրաժարականից հետո համայնքում ակտիվացել են: Այս պահի դրությամբ կան մեկ տասնյակից ավել մարդիկ, ովքեր ցանկանում են առաջադրել իրենց թեկնածությունը։ Թե մինչ բուն ընտրությունների օրը ովքեր կմնան, ցույց կտա ժամանակը։
ԻՐԱՐ ԴԵՄ
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի երկու խոշոր ընկերությունների` «Յուքոմ»-ի եւ «Ջի-Էն-Սի Ալֆա» -ի միջեւ հակամարտություն է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Յուքոմ» ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերության եւ պահանջել կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետեւանքները: Պարզվում է, որ «Յուքոմ»-ը պահանջում է, որպեսզի «Օրանժ Արմենիա» ՓԲԸ եւ «Ջի-Էն-Սի-Ալֆա»-ի միջեւ դեռեւս 2009 թվականին կնքված «մութ թելիկի» առուվաճառքի եւ ծառայությունների մատուցման վերաբերյալ առոչինչ պայմանագրի նկատմամբ կիրառվի անվավերության հետեւանքներ, պարտավորեցնել պատասխանողին վերադարձնել պայմանագրով ամբողջ ստացվածը՝ 577 մլն 344 հազար դրամ: Դատարանը հետ է վերադարձրել «Յուքոմ»-ի հայցը. պատճառը եղել է այն, որ հայցվորը չի վճարել պետական տուրքը: Սակայն «Յուքոմ»-ը հետո չի վճարել եւ հայցը չի պնդել: Հավանաբար պատճառն այն է, որ «Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերությունը արդեն դադարեցրել է գործունեությունը: Ավելին, ընկերության բաժնետոմսերը կվաճառվեն: ՀԾԿՀ-ն իր համաձայնությունն է տվել «Ջի-Էն-Սի-Ալֆա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ՄՏՍ Հայաստան» ընկերությանն օտարելուն: Հիշեցնենք, որ «Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերության անունը կապված է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Հաշվարկային մեկնակետը 1996թ. է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը: Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են»,-գրել է Ն. Փաշինյանը:
ԳԱԶԻ ԳԻՆԸ
Դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվելու են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն օրեր առաջ հայտնել էր, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկելու են Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը: Այս տարվա վերջ ավարտվում է ՌԴ-ի հետ գազային պայմանագրի ժամկետը, համաձայն որի` ռուսական գազը ՀՀ սահմանին արժե 150 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Սակայն վերջնական սպառողին գազը հասնում է միջինացված 255 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Հայկական կողմը հայտարարել է, որ բանակցություններում ձգտում է հասնել գազի գնի իջեցման:
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ շնորհավորել նրան ծննդյան 57-ամյակի կապակցությամբ: «Զրույցի ընթացքում նշվել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները 2018թ. շատ արդյունավետ են եղել, տեղի են ունեցել պետությունների ղեկավարների փոխայցելություններ, միջազգային միջոցառումների շրջանակում շփումները, հարաբերությունները հասցրել են առավել բարձր մակարդակի»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆԵՐԻՑ
Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» Ռուսաստանում անվանել են անցնող տարվա ամենակարեւոր իրադարձություններից մեկը: Ռուսաստանցիները հայտնել են անցնող տարվա ամենակարեւոր իրադարձությունները, դրանց թվում հայտնվել է նաեւ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը»:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՍՏԵՂԾՎԵԼ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 26-ին: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: