Ինչու չի լուծվում Դեբեդից խճաքար արդյունահանելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ շարունակ «Կողբաքար» ՍՊԸ-ն, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարությունից ունենալով համապատասխան թույլատվություն, Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշենի ենթաշրջանում հայ-վրացական սահման հանդիսացող Դեբեդ գետից խճաքար է արդյունահանել եւ այն իրացրել:

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է այս թեմային` տեղեկացնելով, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո ընկերությունը չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել: «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանն այդ կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, սակայն հարցը չի լուծվել:

Նոյեմբերյանի տարածաշրջանի ճանապարհների ընթացիկ եւ ձմեռային պահպանության, նորոգման աշխատանքների համար խճաքար չկա, քանզի խճաքար մատակարարող «Կողբաքար» ՍՊԸ-ն հնարավորություն չունի Դեբեդից այն արդյունահանելու: Մնում է Վրաստանից գնել Հայաստանի տարածքից Դեբեդի քշած, հարեւան երկրի տարածքում կուտակված խճաքարը:

2018թ. նոյեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանի` Նոյեմբերյան քաղաք նախընտրական այցի ժամանակ նամակ հանձնվեց Փաշինյանին, որպեսզի լուծվի «Կողբաքար» ՍՊԸ-ի կողմից Դեբեդից խճաքար արդյունահանելու թույլտվության հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը Մերուժան Փաշիկյանից հետաքրքրվեց՝ արդյոք լուծվել է խճաքարի խնդիրը, սակայն նա բացասական պատասխանեց:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս