ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ, ըստ նախնական տվյալների, 2016-2018 թվականներին, ինչպես միասնական, այնպես էլ առանձին իրավաբանական անձանց կարգավիճակով գործող, շահույթ չհետապնդող, Արմավիրի մարզում գործող ջրօգտագործողների ընկերությունների որոշ տնօրեններ, օգտվելով ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված՝ ապօրինի ջրամատակարարման և ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում ստեղծված հնարավորություններից, ընկերությունների հաշվեկշիռներին մուտքագրվող ֆինանսական միջոցներից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտել են նշված որոշմամբ սահմանված՝ բաժանորդների հետ կնքված 2016-2018 թվականներին ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները և առանց ջրաչափերի տեղադրման, մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն հեկտարներով գրանցելով և դրանով իսկ բաժանորդներին փաստացի զրկելով մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից, հավելագրումներ կատարելու եղանակով փաստացի ուռճացրել են մատուցված ծառայությունների ծավալները և այդ կերպ արհեստականորեն ծանրաբեռնել դեբիտորական պարտքի հաշվեկշիռը շուրջ 1.000.000.000 դրամով:
Ըստ նախնական տվյալների, ջրօգտագործողների նշված արհեստական եղանակով գոյացած պարտքերը մարելու և կարկտահարումների հետևանքով առաջացած վնասները վերականգնելու համար, 2016-2017 թվականներին ՀՀ պետական բյուջեից սուբսիդավորված ընկերության հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցներից առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու իրենց դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով, դրանք հաշվապահորեն ձևակերպվել են որպես բաժանորդների անվամբ կուտակված պարտքերի մարում և միևնույն ժամանակ ձևական պայմանագրեր են կնքել՝ տարբեր ֆիզիկական անձանցից հավելագրված արժեքներով տրանսպորտային միջոցների վարձակալության և տարաբնույթ ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ, սակայն իրականում նշված պայմանագրերով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել, իսկ որոշ անձանց Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում, կեղծ աշխատանքային պայմանագրեր կազմելու եղանակով, նրանց հրամանագրել են որպես ջրբաշխներ, սակայն վերջիններս փաստացի չեն հաճախել աշխատանքի:
Քննության տվյալ փուլում, նման եղանակով, արդեն իսկ պարզվել է շուրջ 29.000.000 դրամ գումարների առերևույթ հափշտակության փաստը:
Առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու կամ վատնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ինչպես և պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: