Երեկ, ի վերջո, հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի նախագիծը, սակայն, գործադիրի որոշմամբ, մինչեւ փետրվարի 8-ն այդ ծրագրի վրա խմբագրական աշխատանքներ են կատարվելու: Այսինքն` չնայած նախագիծը պատրաստ է, սակայն գործադիրի անդամները փորձում են օգտագործել օրենքով սահմանված ժամկետները մինչեւ վերջ այն շտկելու համար: Ինչպես երեկ կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սա, ըստ էության, հիմնված է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ծրագիրը, հետաքրքիր պատկերի է ականատես եղել: Ըստ էության, այն ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի ծրագիրն է, այլ հենց Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից թավշյա հեղափոխությունից հետո ԱԺ ներկայացված ու հաստատված փաստաթուղթն է կրկնում, պարզապես, այս նոր ծրագիրը հին տարբերակից տարբերվում է միայն մի քանի դրույթներով:
Նախ ընդգծենք, որ նախորդ տարվա ծրագրի առանցքային գլուխը համարվում էին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Եվ չնայած արտահերթ ընտրությունները եղան, սակայն Ընտրական օրենսգիրք այդպես էլ չփոխվեց. նախորդ խորհրդարանը, որտեղ ՀՀԿ-ն կոճակային մեծամասնություն էր, տապալեց նախագծի ընդունումը:
Այս կառավարության ծրագրի առաջին գլուխը համարվում է արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը: Իհարկե, սա եղել է նաեւ նախկին ծրագրում:
Նախ` «Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշները» գլխում 2017 թվականի ծրագրում ամրագրված էր. «ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք, եւ հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն»:
Իսկ, ահա, նոր ծրագրում ամրագրված է. «Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն»: Այսպիով, գոնե կառավարության նպատակի առումով փոփոխություն տեսնում ենք, եւ հիմա, կարծես թե, հիմք է դրվում տնտեսություն կառուցելուն:
Նկատենք նաեւ, որ կառավարության այս ծրագրի բովանդակությունից կարելի է ընդհանուր պատկերացում կազմել կառավարության ապագա կառուցվածքի մասին: Օրինակ` գլուխներից մեկը վերաբերում է տարածքային կառավարմանը, տեղական ինքնակառավարմանն ու ենթակառուցվածքներին: Կարելի է ենթադրել, որ այս ոլորտները պետք է մեկտեղվեն մեկ գերատեսչության կազմում, որն, ըստ էության, ղեկավարելու է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա համակարգելու է տարածքային կառավարումը, տեղական ինքնակառավարումը, էներգետիկ բնագավառը, հանքարդյունաբերության ոլորտը, ջրային տնտեսությունը, տրանսպորտը: Մյուս առանձնահատկությունն էլ բարձր տեխնոլոգիաներն ու ռազմավարությունն է: Այստեղ ներառվելու են բարձր տեխնոլոգիաները, կապը եւ թվայնացումը: Այսպիսի նախարարություն ունենալու մասին հայտնի դարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո:
Կառավարության ծրագրում առանձին գլխով անդրադարձ է արվում կոռուպցիայի դեմ պայքարին եւ ազատ, արժանապատիվ, երջանիկ քաղաքացի ունենալու հրամայականին: Այս գլուխներն առկա էին նաեւ կառավարության նախորդ ծրագրում: Սակայն, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը նախորդ ծրագրում անվանված էր պայքար կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ: Եվ հետաքրքիր է, որ այս ծրագրում առանձին ենթագլուխ նվիրված է Սփյուռքի հետ կապերին: Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի գլխում նշված է. «Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի տեսանկյունից կարեւորվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով: Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու նպատակով Կառավարությունը մտադիր է վերանայել ակտիվների վերադարձի ինստիտուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ այս առումով ամրապնդել միջազգային համագործակցությունը»:
Մեկ ամբողջական ենթագլուխ նվիրված է հանրային կառավարմանը եւ այն պատկերին, որն ակնկալում է ստանալ կառավարությունը: «Կառավարությունը շարունակաբար վեր է հանելու պետական բոլոր գերատեսչությունների կրկնվող գործառույթները, եւ վերջիններիս օպտիմալացման արդյունքում բարձրացվելու են պետական գերատեսչությունների ծախսարդյունավետությունը եւ աշխատանքի արդյունավետությունը», – ասվում է ծրագրում, ապա շարունակվում. «Պետության կողմից նոր ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների, հիմնադրամների, ՓԲԸ-ների եւ (կամ) այլ կառույցների ստեղծումից պետք է ձեռնպահ մնալ, իսկ գործող կառույցների գործունեությունը դադարեցնել (լուծարել, միավորել կամ այլ կերպ դադարեցնել պետության մասնակցությունը), եթե նշված մոտեցումների ներքո չի հիմնավորվում դրանց ստեղծման կամ գոյության անհրաժեշտությունը»:
«Ազատ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացի» գլխում հանդիպում ենք այսպիսի նախադասության. «Կառավարությունը, վայելելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնհայտ մեծամասնության վստահությունը եւ հանդես գալով նրանց անունից, հաստատում է իր կամքն օրենքի առջեւ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու գործում»:
Ինչ վերաբերում է տնտեսության բնագավառի տեսլականին, ապա կառավարությունը խոստացել է կոնկրետ ցուցանիշներ. «Կառավարության առաջիկա տնտեսական քաղաքականության հիմնական առանձնահատկությունը լինելու է ներառական տնտեսական աճի խթանումը։ Տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպերով, ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5»։ Ընդ որում, ծրագրում մեծ տեղ է հատկացված արտահանմանը. «Ապրանքների եւ ծառայությունների արտահանման զգալի աճը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը։ Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների եւ ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի»: Այսինքն՝ ի տարբերություն նախորդ կառավարությունների` Փաշինյանն իր առաջ խնդիր է դրել ապահովել նախանշված ցուցանիշները:
Եվ կառավարության ծրագիրն ավարտվում է հետեւյալ կերպ. «Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն: Կառավարությունը վճռական է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության, խորհրդարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության, հանրության հետ համագործակցության եւ երկխոսության միջոցով Հայաստանի Հանրապետությունում իրականացնել տնտեսական հեղափոխություն»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները կարծես փորձում են ակտիվանալ: Մասնավորապես, այսօրվանից սկսած` մշտական հանձնաժողովները սկսելու են նիստեր գումարել, ընտրելու են հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ հաստատելու են իրենց աշխատակարգը: Նշենք, որ ԱԺ խորհրդի նիստերում հաստատվել է մշտական հանձնաժողովների նիստերի գումարման ժամանակացույցը: Ըստ այդմ, հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունենալու է իր նիստի հատուկ օր եւ ժամ, եւ լիագումար նիստերի նախորդ շաբաթը պետք է նիստ գումարի: Կոնկրետ այսօր գումարվելու է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ինչպես հայտնի է, այս հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, փոխնախագահն էլ կլինի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը:
ԿԱՆԱՅՔ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ
Համաներմամբ ազատ չարձակված կին դատապարտյալները դիմել են դատարան` ընդդեմ «Աբովյան» ՔԿՀ ղեկավարության: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 5-ին նման հայցադիմում ներկայացրել է դատապարտյալներից Անահիտ Մութաֆյանը: Նա ՀՀ վարչական դատարանից պահանջել է ստիպել ՔԿՀ ղեկավարությանը պարտավորեցնել ՀՀ ԱՆ «Աբովյանի» ՔԿՀ-ի կողմից համակցություն համարելու հանգամանքը եւ վերականգնել ՀՀ ԱԺ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով տրված իրավունքը: Միաժամանակ, Մութաֆյանը պահանջել է, ՀՀ ԱԺ համաներման 2-րդ հոդվածի 1-ին մասի օրենքի համաձայն, իրեն ազատ արձակել պատիժը կրելուց: Նույն հայցով դատարան է դիմել նաեւ «Աբովյան» ՔԿՀ-ի մեկ այլ կին դատապարտյալ՝ Արմինե Մանուկյանը: Ասել է թե` վերոնշյալ կանանց վրա համաներումը չի տարածվել, եւ վերջիններս դատարանի միջոցով են փորձում հայտնվել ազատության մեջ:
ՔԻՉ ՀԱՑ
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանում 2018թ. ընթացքում արտադրվել է 264.7 հազար տոննա հաց, ինչը 2.4 տոկոսով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից: 2017թ. ընթացքում ՀՀ-ում հացի արտադրությունը կազմել էր 271.3 տոննա: Այս ցուցանիշներից կարելի է ընդհանուր պատկերացում կազմել ՀՀ բնակչության թվի նվազման մասին. ի վերջո, հացն այն մթերքն է, որ օգտագործվում է բոլոր ընտանիքներում: Եւ ուրեմն, եթե հաց քիչ է արտադրվում, նշանակում է՝ պակասել են այն սպառողները: Այդուհանդերձ, 2018թ. արտագաղթի ծավալները համեմատաբար նվազել են, թեեւ արտագաղթը դեռ չի դադարել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ: «Ֆրանսիան գիտե, թե ինչպես առերեսվել պատմությանը: Այն առաջիններից էր, որ 1915թ. հայ ժողովրդի զանգվածային սպանություններն անվանեց ցեղասպանություն եւ 2001թ.-ին ճանաչեց օրենքի ուժով»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Նա ավելացրել է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու գործընթացն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթների ընթացքում: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավիրած ընթրիքին Մակրոնը նաեւ հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ԿԱՏԱՐՈՒՄ
Կառավարության նիստում երեկ որոշում կայացվեց Կատարի Պետությունում ստեղծել ՀՀ դեսպանություն (նստավայրը` Դոհա): Որպես հիմնավորում` նշվեցին Կատարի հետ կան բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, ՀՀ ու Կատարի միջեւ աճ արձանագրող առեւտրաշրջանառությունը, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը: Կատարական կողմը պատրաստակամություն է հայտնել ՀՀ-ի կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով ու Երեւանում բացել Կատարի Պետության դեսպանություն: Կատարական կողմը պատրաստ է տրամադրել տարեկան 400.000 կատարական ռեալ (մոտ 110.000 ԱՄՆ դոլար) երեք տարի տեւողությամբ, ՀՀ դեսպանության համար տարածք ու դեսպանի համար կեցավայր, երկու ավտոմեքենա: