ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԱՆԼՈՒՐՋ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ Է ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումը խորհրդարանական ամենամեծ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ։ Սա արդեն կառավարության երրորդ պաշտոնյան է, որը գալիս է խորհրդարան եւ հանդիպում ամենամեծ խմբակցության հետ։ Առաջին «մեղադրյալը» ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էր ահռելի չափերի հասած պարգեւատրումների պատճառով, երկրորդը՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նաեւ արտաքին գործերի նախարարն էր հանդիպել արդեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին։

Սակայն եթե մյուս դեպքերում խորհրդարանական խմբակցություններն իրենք էին հրավիրել պաշտոնյաներին, եւ վերջիններս էլ «սուսուփուս» եկել էին եւ հաշվետվություն ներկայացրել, ավելին` մի քանի ժամ հանդիպում անցկացրել ու համբերատար լսել բոոլորին եւ հարցերին պատասխանել, ապա այս պարագայում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքն էր սրտնեղած շտապել առաջարկել իրեն էլ կանչել եւ իր հետ նիստ անցկացնել։ Այլ կերպ ասած` մինչ այդ իշխող ուժի պատգամավորների մտքով չէր անցել նրան կանչել հանդիպման, կամ էլ նրան հարցեր չեն ունեցել։ Նկատենք, որ նրա հետ հանդիպումը տեւեց շատ քիչ՝ մեկուկես ժամ, եւ սա այն դեպքում, երբ, օրինակ, Ջանջուղազյանի հետ հանդիպումը տեւեց չորս ժամից ավելի։
Իհարկե, սա էլ ունի իր արդարացումը, եւ ասվել էր, թե նախարարը զբաղված է եւ կարող է միայն այդքան մնալ։ Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորներն այնքան էլ գոհ չեն մնացել նախարարի հետ հանդիպումից, քանի որ վերջինս ոչ մի հարցի հստակ չի պատասխանել, այլ մակերեսային եւ անգիր արած արտահայտություններ է արել՝ առանց հստակ, ծրագրային դրույթներ ներկայացրելու։ Եվ նկատեցինք, որ պատգամավորները երեկ հաճախ էին դուրս ու ներս անում հանդիպման ժամանակ կամ առհասարակ դուրս էին գալիս եւ այլեւս ներս չէին վերադառնում, իսկ «ներսում հետաքրքի՞ր չէ» հարցին ի պատասխան` բոլորն ասում էին, թե մի քանի րոպեով են դուրս եկել եւ հետ են գալու, սակայն շատերն այդպես էլ հետ չէին գալիս։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը բավական ակտիվ է անցել, քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` մամուլում արդեն աղմուկ հանած «Միբս» ԲԿ-ին տրված սուբսիդավորումները, որոնք այս տարի շատ էին։ Արսեն Թորոսյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ եւս չի թաքցրել, որ այդ ընկերության նախկին տնօրենն է եղել, հիմա էլ ղեկավարում է կինը։ Չնայած նա արդարացել է, սակայն, մեր տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնքան էլ դրական չի վերաբերվել այս տեղեկությանը։
Հետաքրքիր է, որ երեկվա հանդիպման ժամանակ նախարարը հիմնականում խոսել է ծխելու դեմ պայքարի մասին եւ ամեն հարց տարել այդ հարթության վրա՝ մոռանալով հիմնական ասելիքի մասին։ Ընդ որում, պատգամավորները մեզ հետ մասնավոր զրույցներում նեղսրտում էին, թե նախարարն իրեն անլուրջ է պահել, ամեն հարցի ժպիտով է պատասխանել եւ հստակ ոչ մի ծրագրի մասին չի խոսել։ Եվ պատգամավորներից շատերը եւս քննադատել են այդ ծրագրի շատ դրույթներ։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, թե բավական ակտիվ հանդիպում է եղել, անդրադարձ է եղել ամեն հարցի, սակայն Մակունցը նշեց, թե պատգամավորները, այդ թվում եւ` ինքը, գոհ է եղել նախարարի պատասխաններից։ Մակունցը մեզ հետ զրույցում նաեւ հայտնեց, թե բացի Արսեն Թորոսյանից նաեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն է ցանկություն հայտնել հանդիպել, եւ թերեւս նրա հետ էլ ուրբաթ օրը կհանդիպեն։ Հանդիպում է նախատեսված նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ։
Նշենք, որ հանդիպումից ժամեր անց Արսեն Թորոսյանը մասնակցում էր մի մրցանակաբաշխության, որտեղ արժանացավ Կառավարության բարեփոխիչ մրցանակին՝ կոռուպցիայի դեմ պայքարի եւ առողջապահական ծառայությունները բոլորին հասանելի դարձնելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց քաղցկեղի ծրագրի մասին, որի համաձայն` պետք է վիրահատությունները անվճար կատարվեն, եւ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ կան ԲԿ-ներ, որոնք հրաժարվել են` ինչ պետք է արվի։ Թորոսյանն, ամեն դեպքում, դա մեծ խնդիր չհամարեց` ասելով, թե տասը ԲԿ այդ ծրագրից չի հրաժարվել, եւ ամեն ինչ պարզ կլինի միայն ծրագրի շուրջ առկա բոլոր հարցերը քննարկելուց, ֆինանսավորման հարցերը կարգավորելուց հետո։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԷԼԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
Այս օրերին իշխանության ներկայացուցիչները զբաղված են «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վրա աշխատելով, որպեսզի այն հնարավոր լինի ներառել մարտի 5-ին մեկնարկող ԱԺ քառօրյայում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չնայած նախագծի վերջնական տարբերակը խորհրդարանին չի ուղարկվել, սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցության ներսում նախօրեին փակ քննարկում է եղել: Ընդ որում, այդ քննարկումը բավական երկար է տեւել, թեեւ նիստին ոչ բոլոր պատգամավորներն են ներկա եղել: Մեր տեղեկություններով` առաջիկայում խմբակցությունը պատրաստվում է եւս մեկ փակ նիստ անցկացնել այդ թեմայով: Եվ եթե նախորդ նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի կարողացել ներկա գտնվել` ԱԺ գործուղելով իր գրասենյակի ներկայացուցիչներին, ապա այս անգամ որոշվել է, որ հաջորդ քննարկմանը նա պետք է միանշանակ մասնակցի: Նկատենք, որ թեեւ իշխանությունները մտադրվել են կրճատել նախարարությունների թիվը, բայց եւ մտահոգված են օպտիմալացումների հետեւանքներով, քանի որ կավելանա գործազուրկների թիվը:

 

 

ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԵՆ
Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը 22-ի նիստում մտադիր է հրավիրել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։ Հանձնաժողովի անդամները պատրաստվում են նախարարի հետ քննարկել վերջին շրջանում հատկապես կալանավայրերում տիրող իրավիճակը եւ, ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները։ Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը` ասելով, որ Արտակ Զեյնալյանի հետ հանդիպմանը քննարկվելու են այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Ազգային ժողովի եւ Արդարադատության նախարարության միասնական օրակարգին` կապված մարդու իրավունքների հետ` քրեակատարողական հիմնարկներ, դատական համակարգ, օրենսդրություն։ «Այսինքն` լինելու է հարցերի լայն շրջանակ։ Ինչպես ՄԻՊ-ի հետ գծեցինք մեր աշխատանքի ճանապարհային քարտեզը, փորձելու ենք արդարադատության նախարարի հետ եւս կազմել մեր ճանապարհային քարտեզը, որովհետեւ մեր օրակարգերը նույնական են, մենք միասին աշխատելու ենք, եւ բնականաբար մենք պետք է հստակեցնենք մեր քայլերի հաջորդականությունը, այն օրենքները, որտեղ կա փոփոխությունների անհրաժեշտություն, բարձրացնելու ենք այն հարցերը, որոնք հրատապ լուծումներ են պահանջում։ Եվ ես, իհարկե, չեմ կարող կանխատեսել, թե հանձնաժողովի մնացյալ անդամները ինչ հարցեր կուղղեն»,-մեզ հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։

 

 

ՉՈՒՆԻ
«Ես բժշկական կենտրոն չունեմ»,-ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու է նախորդ տարվա համեմատ կրկնակի պետպատվեր հատկացվել իր բժշկական կենտրոնին: Նա ընդգծել է, որ ավելացված 10 մլրդ բյուջեն բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջեւ` ըստ ծրագրերի հատուկ չափանիշներով:

 

 

ՉԵՆ ԱՐՏԱՔՍԻ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով սիրիացի փախստականներից, անդրադարձել է նաեւ Թուրքիայում բնակվող հայերին: Էրդողանը, խոսելով սիրիացիների մասին, նշել է, որ ներկայումս Թուրքիայում են գտնվում 3,6 միլիոն սիրիացի փախստականներ, որոնց Թուրքիան չի պատրաստվում հետ ուղարկել: Նա, Թուրքիայում բնակվող այլազգիներին անդրադառնալով, հիշատակել է նաեւ 100 հազար հայերին: «Թուրքիայում մոտ 100 հազար հայ է ապրում, որոնցից 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Մյուսները քաղաքացի չեն, բայց մենք չենք պատրաստվում արտաքսել նաեւ նրանց»,-ասել է Թուրքիայի նախագահը:

 

 

ԱԶԱՏՈՒՄՆԵՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Անուշավան Ղազարյանն ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Սերգեյ Սարուխանյանն ազատվել է ՀՀ Լոռու, իսկ Սամվել Ռուբենյանը` Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից:

 

 

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
«Ժառանգության» վարչությունը որոշում է ընդունել կուսակցության հերթական համագումարն անցկացնել մարտի 31-ին Երեւանում: Կուսակցության գործուն անդամների ներկայիս հավաքում, որը բաց է հանրության համար, կլսվեն հրատապ զեկույցներ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին, կընտրվի վարչության նոր կազմ եւ կհրապարակվի երկրի արդի իրավիճակից բխող «Ժառանգության» բանաձեւը:

 

 

ՊԵՏԵՐ ԵՆ ՓՈԽՎԵԼ
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով` աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով` ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով` նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ:

 

 

ԴԵՄ Է
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող, ՊՊԾ գնդում պատանդառված ոստիկան Վլադիմիր Սիրեկանյանը դեմ է, որ ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառվի: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացած նիստին ոստիկանը պատմել է, որ 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի ներսում ծառայություն է իրականացրել եւ լսել է «Կռազ» մեքենայի հարվածի ձայնը: Տուժողը նշել է, որ կապկպված վիճակում է եղել, երբ իրենց մոտ է եկել այն ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «Մենք սենյակում էինք, պարոն Օսիպյանն եկավ առանց պագոնների, մենք զարմացանք, թե ոնց եկավ էդտեղ»: Տուժողը դատարանին նաեւ հայտնել է, որ մեքենայում 114 հազար դրամ գումար է ունեցել, որը կորել է: Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքի նախագծով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, նրանց հանցակցած, այդ նպատակով հանցափորձ արած կամ հանցագործության նախապատրաստության մասնակից, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար:




Լրահոս