Զորամասից հափշտակությունների փորձեր արած պաշտոնյաների հարցը լուծված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Հրաչ Խանոյանի եւ Ժիրայր Վանյանի դատավարությունը: Հրաչ Խանոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի կոմունալ շահագործման պետ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, զորամասի պահեստում գտնվող 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ զինվորական մահճակալների մետաղյա 400 հատ անկյունակները հափշտակելու դիտավորությամբ 2018թ. ապրիլ ամսվա սկզբներին պայմանավորվածություն է ձեռք բերել Վանաձոր քաղաքի բնակիչ Ժիրայր Վանյանի հետ, սակայն հանցագործությունը իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցվել:

Ժիրայր Վանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով երկաթի առուվաճառքով զբաղվող անհատ ձեռներեց` խոստացել է ձեռք բերել զորամասի կոմունալ շահագործման ծառայության պահեստից հափշտակված խոշոր չափերով՝ 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ, զինվորական մահճակալների մետաղյա 400 հատ անկյունակները:

Հրաչ Խանոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացնելու կամ վատնելու հանցափորձը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»), Ժ. Վանյանին՝ 38-34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացնելու կամ վատնելու հանցափորձին հանցակցությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»):

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է կիրառել համաներման մասին օրենքն ու ամբաստանյալներին ազատել պատժից։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս