Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիին։
Երկու նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներում լեզվի դասավանդման, ուսուցիչների վերապատրաստման և դասագրքերի մատակարարման վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են, որ Վրաստանի դպրոցներում հայերեն դասավանդող ուսուցիչների որակավորման բարձրացման նպատակով հայկական կողմը մասնագետներ կտրամադրի։
Անդրադարձ է եղել նաև բուհական և գիտության բնագավառում համագործակցության հարցերին, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում փոխգործակցությանը: Երկու երկրների կրթության պատասխանատուները քննարկել են նաև տարբեր ոլորտներում աշխատանքային խմբերի ստեղծման հնարավորությունը՝ փորձի փոխանակման և առկա խնդիրների լուծման նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ամառային դպրոցների հարցը. Արդյունքում` օգոստոսին մի քանի տասնյակ վրացի աշակերտներ կայցելեն Հայաստան, մասնավորապես, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ ՀՀ աշակերտները կլինեն Վրաստանի ամառային դպրոցներում: Անդրադարձ է եղել նաև ինժեներական լաբորատորիաների պատանեկան ծրագրերի հայաստանյան հաջողված փորձին և դրանք Վրաստանում ներդնելու հնարավորություններին:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է նաև Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց, ծանոթացել կրթօջախի գործունեությանը, գեղարվեստական գրքեր նվիրել դպրոցի գրադարանին։ Գրադարանի աշխատակիցները, երախտագիտություն հայտնելով նախարարին, նշել են, որ հենց մանկական գեղարվեստական գրքերի կարիք գրադարանը շատ ուներ։