ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս ամենի մասին վաղուց էր ասվել. եթե իրավապահ համակարգն ականջալուր լիներ, բանը ՄԻԵԴ-ին չէր հասնի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած առողջական ծայրահեղ վատ վիճակին` ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու հարցը հասել է ՄԻԵԴ: Եւ երեկ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի փաստաբանների միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն` միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ:

Ըստ այդմ, Եվրոպական դատարանը, պայմանավորված դիմումատուի ծանր առողջական վիճակով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը որոշմամբ մատնանշված բժշկական հաստատություն: Միեւնույն ժամանակ դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչեւ հունիսի 12-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վերջին օրերին գնալով ավելի է վատթարացել. սա ակնհայտ երեւում է, միաժամանակ ակնհայտ է, որ չնայած նրան մեղսագրվող արարքի ծանրությանը, կալանքը հետագայում էլ որպես խափանման միջոց ընտրելու հարցը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ:

Իսկ որ վաղ, թե ուշ այս վիճակն էր լինելու, ժամանակին զգուշացրել էր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը` դեռ հունվարի 29-ին ասելով, որ եթե այս գործը հասնի ՄԻԵԴ, հնարավոր է անցանկալի հետեւանքներ լինեն:

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը ապահովում է մինչեւ դատաքննությունը երաշխիքով ազատ արձակվելու իրավունքը,- ասել էր Թովմասյանը՝ եզրափակելով,- միաժամանակ խորհուրդ կտամ գլխավոր դատախազությանը, որ … պատշաճ հսկողություն իրականացներ նախաքննության օրինականության նկատմամբ, որպեսզի ե՛ւ չխախտվեն մարդու իրավունքները, ե՛ւ չնվազի Հայաստանի վարկանիշը միջազգային իրավական հարթությունում»:

Ու հիմա, փաստորեն, իրավապահ համակարգը պետք է կատարվածի համար պատասխան տա:




Լրահոս