Դատավորը 10 հազար դոլար նվեր է ստացել. որքան են կազմում նրա ու կնոջ դրամական միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

37-ամյա Արմեն Օհանյանը ՀՀ նախագահի հրամանագրով այս տարվա փետրվարին է նշանակվել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Իսկ մինչ այդ՝ նա Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն էր:

Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Արմեն Օհանյանը բավականին հարուստ աշխատանքային կենսագրություն ունի. Նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է 18 տարեկանից՝ ՙՄարաշ՚ ՍՊԸ-ում աշխատել է որպես հաշվապահի տեղակալ, ապա աշխատանքի է անցել ՀՀ վճռաբեկ դատարանում՝ բյուջետային բաժնում որպես մասնագետ: Անգամ աշխատել է ՙԵրեւանի կոնյակի գործարանում՚ որպես մասնագետ, ապա՝ Հայկական կոնյակագործների միության կոորդինատոր: 2014-ին դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալն է եղել, հետո՝ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի օգնականը: Ինչից հետո աշխատանքի է անցել ՀՀ նոտարական պալատում որպես աշխատակազմի ղեկավար: Դե, արդեն 2016 թվականից Տավուշի, իսկ այս տարվա փետրվարից՝ Կոտայքի մարզերի ընդհանուր իրավասության դատարանների դատավոր է:
Պարզվում է այս ՙաշխատասեր՚ երիտասարդը հասցրել է տարիների ընթացքում մեծ ունեցվածք դիզել:

Այսպես, նրա դրամական միջոցները կազմում են 105 հազար դոլար, 73 մլն դրամ եւ 85 հազար եվրո: Որպես եկամուտ հայտարարգրել է սեփական աշխատավարձը, որը կազմել է 514 հազար դրամ: Բաց ի այս 37-ամյա դատավորը նախորդ տարի ստացել է փոխառություն, վարկ՝ 2 մլն 729 հազար դրամի չափով: Սա դեռ ամենը չէ պարզվում է դատավորը նախորդ տարի վարձակալության դիմաց ստացել է 1 մլն 620 հազար դրամ: Թե ինչ է տվել վարձակալության, հայտնի չէ: Բայց փաստ է, որ դատավորի եկամուտը միայն աշխատավարձից չի գոյանում: Հուսանք՝ վեթիինգի շրջանակներում դատավորը հանրության հետ կկիսվի, թե ինչ է տվել վարձակալության:

Բայց պարզվում է՝ դատավորը ապահովված է ոչ միայն դրամական միջոցներով, այլեւ՝ անշարժ եւ շարժական գույքերով: Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Օհանյանն ունի անհատական բնակելի 2 տուն, անավարտ, կիսակառույց մի քանի շինություններ, մեկ բնակարան, հասարակական նշանակության մեկ շինություն եւ 2 հատ Mercedes-Benz G500, Mercedes-Benz GL 500 4 Matic մակնիշի ավտոմեքենաներ:

Ի դեպ, 2016 թվականի ներկայացրած հայտարարագրում նշված է, որ երիտասարդ դատավորը 10 հազար դոլարի չափով եկամուտ է ունեցել, որն ձեւակերպել է որպես նվեր:

Նրա կնոջ՝ Արմինե Օհանյանի հայտարարագիրը եւս բավական ուշագրավ է: Պարզվում է՝ դատավորի տիկինը 2018 թվականի ընթացքում ունեցել է 216 հազար դրամի եկամուտ, թե որտեղից, մանրամասներ ներկայացված չեն: Իսկ ահա դրամական միջոցները կազմում են 25 մլն դրամ, 40 հազար դոլար եւ 10 հազար եվրո: Համաձայնեք, որ տարակուսելի է, թե ինչպես է այսքան գումար կուտակել: Ի դեպ, 2017 թվականին դատավորի կինը ստացել է 136 հազար դրամի աշխատավարձ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս