Որևէ թշնամի չի կարող սասանել մեր միասնությունը. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում հանդիսավորությամբ նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման օրը: Այսօր լրանում է Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարին: Օրվա առթիվ Ոստիկանության գլխավոր վարչություն էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ հանդիսավոր միջոցառումը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց ՀՀ ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը, զինատեսակները, ոստիկանության զորքերի հնարավորությունները:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն իր ելույթում նշեց, որ ոստիկանության զորքերն արդեն 27 տարի պատվով ու անձնվիրաբար են կատարում իրենց պարտականությունները:

«1992 թվականին ծայրահեղ ծանր վիճակ էր արցախյան ռազմաճակատում, վտանգված էին Հայաստանի սահմանները: Ոստիկանության զորքերի կազմավորումը ժամանակի հրամայական էր և կենսական անհրաժեշտություն ուներ: Մեզ անհրաժեշտ էր ամուր ռազմաճակատ և թիկունք: Այդ օրից անցել է ավելի քան քառորդ դար և հպարտությամբ կարող ենք փաստել, որ ոստիկանության զորքերը լիակատար կատարել են իրենց առջև դրված խնդիրները թե ռազմի դաշտում, թե հանցավորության դեմ պայքարում»,-ասաց ՀՀ ոստիկանապետը:

Նա ընդգծեց, որ արդեն մեկ տարի է ոստիկանության զորքերի զինծառայողները մարտական հերթապահության են իրականացնում սահմաններում՝ հավաստելով, որ պետական սահմանն անխախտ է լինելու: ՀՀ ոստիկանապետը հավաստիացրեց, որ այսօր արվում է ամեն ինչ ոստիկանության զորքերի որակները, մարտունակությունը բարձրացնելու, նյութատեխնիկական բազան հարստացնելու համար: Նա ընդգծեց, որ ՀՀ ոստիկանությունն ունի բոլոր կարողությունները պատվով կատարելու իր առջև դրված խնդիրները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով ոստիկանության զորքերին, կարևորեց այն հանգամանքը, որ ոստիկանության զորքերը ծառայություն են իրականացնում սահմաններում:

«Այն հարցը, թե վերջին մեկ տարում ինչ է փոխվել Հայաստանում, ունի շատ կոնկրետ պատասխան նաև ոստիկանության զորքերում: Արդեն գրեթե մեկ տարի է Հայաստանի ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ- ադրբեջանական սահմանին՝ պահպանելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Ես այս տոնական օրը նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերին, նրանց, ովքեր նվիրվել են Հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Շնորհակալություն զինծառայողների ընտանիքների անդամներին, որոնք սատար են կանգնել սահման մեկնող ոստիկաններին: Ոստիկանության զորքերին Հայաստանի արտաքին սահմանների պաշտպանությանը ներգրավելու որոշումը արտահայտում է մեր պատկերացումները ինչպես արտաքին, այնպես ներքին անվտանգության վերաբերյալ: ՀՀ-ն պետք է ունենա բռնությունից զերծ հանրություն, որտեղ տեղ չունի բռնությունով հարց լուծելու որևէ մտայնություն, որևէ քարոզչություն:

Այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու: Սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն: Ուզում եմ հստակ հայտարարել՝ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ ՀՀ կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կամ կամքի պակաս կունենա սահմանադրական կարգը, քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանվի, ձեռքը չի դողա բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն վերածնել բռնության քարոզչությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ նույն պատկերացումն ունեն ՀՀ-ի Արցախի սահմանների պաշտպանության առումով: Հայաստանը կողմնակից է տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելուն:

«Բայց եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, ապա կստանան մեր հավաքական կամքի, ուժի վճռական հակահարվածը: Եվ այդ հակահարվածը կհեղինակեն նաև ոստիկանության այն ներկայացուցիչները, ովքեր կանգնած են հայ ժողովրդի անվտանգության պաշտպանության դիրքերում: Որևէ թշնամի չի կարող սասանել մեր միասնությունը: Ներքին, թե արտաքին Հայաստանի բոլոր թշնամիներին սպասվում է անվերապահ պարտություն»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Օրվա առթիվ ՀՀ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ոստիկանության պետի կողմից:




Լրահոս