Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս մնաց Եվրոպական խաղերի հետագա պայքարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի հերթական անդամը լքեց Եվրոպական խաղերի մեդալների համար պայքարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող խաղերի 91 կգ քաշային կարքի քառորդ եզրափակչում Հայաստանից Գուրգեն Հովհաննիսյանը մրցեց գերմանացի Նելվի Տիաֆակի հետ և զիջեց 2:3 հաշվով: Հայ մարզիկը դուրս մնաց հետագա պայքարից:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Լուսանկարը` Armnoc




Լրահոս