Կրկին ԲԴԽ անդամ կընտրեն. թեկնածուին գաղտնի են պահում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սպասվում է, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն երեկ քննարկված նախագծերը, որից հետո տեղի կունենան քվեարկություններ, եւ արտահերթ նիստի օրակարգը կսպառվի: Սակայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հակված է այսօր եւս մեկ արտահերթ նիստ գումարել` քննարկելու համար Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության հարցը: Ինչպես հայտնի է, նախորդ անգամ «Իմ քայլը» խմբակցության անկազմակերպվածության հետեւանքով թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց որպես ԲԴԽ անդամ եւ այժմ կրկին պետք է ներկայացվի ԲԴԽ անդամի թեկնածու, որպեսզի լրացվի այն տեղը, որն առկա է ԲԴԽ անդամների հրաժարականներից հետո: Սակայն հետաքրքիր է, որ երեկվա դրությամբ դեռեւս իշխող ուժի պատգամավորների մեծամասնությունը չգիտեր, թե ում թեկնածությունն է ներկայացնելու խմբակցությունը խորհրդարանին վաղը:

Այդ հարցերով զբաղվում է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը երեկ լրագրողների հետ զրույցում նշել էր, թե օրվա ընթացքում կունենան հստակ թեկնածու, եւ այլ մանրամասներ չէր ներկայացրել: Եվ հենց այդ անորոշությունն է պատճառը, որ պատգամավորները մինչեւ օրվա ավարտն այդպես էլ տեղյակ չէին` վաղը կանցկացվի արդյոք ԲԴԽ անդամի ընտրություն, եւ, առհասարակ, ով է թեկնածուն: Ինչպես հայտնի է, մինչ այդ հարցը լիագումար նիստում քննարկելը, թեկնածուն նախ հանդիպումներ պետք է ունենա խմբակցությունների հետ, եւ եթե այսօր որեւէ մեկի թեկնածությունը հաստատվի, ապա վաղը առավոտից կսկսվեն հանդիպումները խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Իսկ թեկնածուին գաղտնի են պահում, որ նրա վրա ճնշում չգործադրեն «մութ ուժերը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս