ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՃՆՇԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2008 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանում մարդաշատ հանրահավաք էր անցկացրել: Ըստ տեղեկությունների` Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին Ազատության հրապարակում մասնակցել էր նույնքան մարդ, որքան փետրվարի 16-ի նրա նախընտրական վերջին հանրահավաքին: Փետրվարի 20-ի երթից հետո տեղի ունեցած հանրահավաքին Արամ Մանուկյանը, որը 1991 թվականին հռչակեց Հայաստանի անկախությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանին հռչակել է Հայաստանի Հանրապետության նոր նախագահ:

Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակ հանրահավաքի մասնակիցները պահանջում էին, որպեսզի արդեն այդ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կատարեն գործողություններ, որոնք կամրագրեն այն հաղթանակը, որը գողացվել է ժողովրդից: Այդ պահանջները հնչել են բոլոր ելույթների ժամանակ, որ հնչել են Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին: Սակայն վերջում ելույթ ունեցած Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիներին հանգամանալից բացատրել է իրավիճակը: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի` խնդիրը հստակ է` ժողովուրդը հաղթել է եւ տեր է կանգնելու իր հաղթանակին: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը կանգնելու է մինչեւ վերջ, եթե անգամ իր կողքին ոչ ոք չմնա: Նա նորից կրկնել է Մատենադարանի հանրահավաքում ասվածը, որ ունեն գործողությունների հստակ ծրագիր, եւ վստահ է, որ հետեւողական գործողություններով հասնելու են երկրում օրենքի իշխանության հաստատման: Սակայն ժողովրդի մի մասը կրկին վանկարկում էր «այսօր», «Բաղրամյան» բացականչությունները:
Ի պատասխան դրան` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր` ներողություն խնդրելով այդ գնահատականի համար, որ իրենք ավելի իրազեկված են, քան քաղաքացիները: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի նախագահի ընտրությանը միջազգային դիտորդների ու Եվրամիության երկրների դեսպանների տված գնահատականը նպաստավոր վիճակ է ստեղծում իրենց համար: «Սա լուրջ քաղաքականություն է, եւ ես գիտեմ իմ անելիքը»,- հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը` ասելով, որ թող ոչ ոք չկասկածի, որ ժողովրդի հետ միասին հասնելու են իրենց նպատակին «ամենախելոք, ամենաճշգրիտ եւ ամենավճռական քայլերով»:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրությանը հայտնել էր, որ փետրվարի 21-ին Ազատության հրապարակում ինքը հրավիրում է քաղաքացիներին հանրահավաքի: «Վաղը` ժամը 15-ին, դուք ականատես կլինեք չափազանց կարեւոր իրադարձության: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ»,- իր ելույթը եզրափակել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բայց տարիներ հետո պարզվում է` Լեւոն Տեր-Պետրոսյանը «հրատապ մեսիջներ» է ուղարկել ԱՄՆ դեսպանատուն եւ նրանց այլ պահանջ ներկայացրել, իսկ հարթակում այլ պահանջներ է հնչեցրել:
Հրատապ մեսիջը, ըստ Վիկիլիքսի կողմից գաղտնազերծված փաստաթղթի, հետեւյալն է. «Նախագահական թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը շտապ հանդիպում է խնդրել PolChief-ի հետ փետրվարի 21-ին: Էլեկտրոնային գաղտնազերծումների հնարավորությունները հաշվի առնելով` վերջինս PolChief-ին փոխանցել էր` ասելով ուղղակիորեն Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղորդագրությունը»:
Ստորեւ ներկայացնում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի գրած նամակը ամբողջությամբ` առանց խմբագրման. «Մարդիկ զայրացած են: Նրանք մեզ մղում են նրան, որ դիմենք վճռական գործողությունների: Մենք ցանկանում ենք պահել շարժումը օրինական շրջանակի ներքո եւ հակված ենք շարունակել այդ ճանապարհով: Այնուամենայնիվ, այդկերպ վարվելը դժվար է թվում, որեւէ պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Միակ ելքը երկրորդ փուլն է նախագահական ընտրություններում: Սա թույլ կտա պահպանել ժողովրդական շարժումը սահմանադրական սահմաններում: Մեր խնդրանքն է` ճնշում գործադրել իշխանությունների վրա գնալու այս ճանապարհով: Նաեւ ճնշում գործադրել նրանց վրա չխանգարելու մեր խաղաղ ցույցերին, երթերին, արշավներին: Նրանք ի վիճակի չեն լինի մերժել ձեր ճնշումը»:
Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Տեր-Պետրոսյանն այլ հայտարարություն է անում հանրահավաքի ժամանակ, բայց այլ պահանջով դիմում ԱՄՆ ներկայացուցիչներին:
Ինչեւէ, ԱՄՆ-ն բավականին անտարբեր է եղել, ու իրենց մեկնաբանության մեջ, որ գրված է գաղտնազերծված փաստաթղթում, նշված է, որ ԱՄՆ-ն զերծ կմնա խառնվել Հայաստանի ներքին գործերին: Ըստ Վիկիլիքսի փաստաթղթի. «Մենք ցանկություն չունենք ներթափանցել ներքաղաքական իրավիճակ, բայց ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ այդ հույսն ունի: Ինչ հանրային հայտարարություն էլ որ անենք, հավանաբար այն կօգտագործվի մեկ կամ մյուս կողմից` հաստատելու արդյունքը կամ մեղադրելու: Մենք չենք տեսնում այլընտրանք նրան, որ պետք է շարունակենք օբյեկտիվ վերլուծություն կատարել մեր հանրային հայտարարություններում»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ԿԱԶՄԵԼ Է ԱՊՊԱ ԿԵՂԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Արեն Հարությունյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 05.30-ի սահմաններում, օգտվելով Բագրատաշենի մաքսակետի հարակից տարածքում «Ռեսո ԱՓԲԸ»-ի ԱՊՊԱ պայմանագրերի վաճառքի կրպակի դուռը փականով չկողպված չլինելու եւ կրպակում աշխատակցի բացակայության հանգամանքից, ԱՊՊԱ պայմանագրի վաճառքից առաջացած գումարը անձնական կարիքների համար օգտագործելու նպատակով այդ կրպակում տեղադրված համակարգչով ԱՊՊԱ պայմանագիր սկանավորելու եւ դրա մեջ փոփոխություն մտցնելու եղանակով Վահան Անտոնյանի անվամբ կազմել է ԱՊՊԱ կեղծ պայմանագիր եւ իրացրել, հանձնել վերջինիս, որից հետո ԱՊՊԱ պայմանագրի վաճառքի արժեքը` 9000 ՀՀ դրամը, օգտագործել իր կարիքների համար: Արեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը եւ յուրացնելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

50 ՀԱԶԱՐԱԿԱՆ ԴՐԱՄ
Մայիսի 10-ին Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը որոշում է ընդունել ՀՀ 2019թ. պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի միջոցներից Հայրենական մեծ պատերազմի 24 մասնակիցների, սոցիալական աջակցության նպատակով հատկացնել միանվագ դրամական օգնություն` ընդհանուր 1 միլիոն 200 հազար դրամի չափով: Հայրենական մեծ պատերազմի 24 մասնակիցներից յուրաքանչյուրին տրվել է 50 հազար դրամ սոցիալական օգնություն: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների թիվը տարեցտարի նվազում է: Տավուշի մարզպետարանը բարի գործ է արել նրանց դրամական աջակցություն ցուցաբերելու համար, սակայն այդ աջակցության գումարը կարող էր ավելի մեծ լինել, մարզպետարանում ավելի առատաձեռն են լինում իրենց դրամական պարգեւատրումների հարցում: 2018թ. դեկտեմբերի 20-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշում էր ընդունել 2018թ. պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի պահպանման համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարից պարգեւատրել մարզպետարանի պետական վարչական, պետական հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց: Այդ որոշմամբ Տավուշի մարզպետարանի ընդհանուր թվով 104 աշխատող պարգեւատրվել է 22 միլիոն 697 հազար 358 դրամով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ԱԶԱՏԱՄՈՒՏՆ ԸՆՏՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԿՈՒՆԵՆԱ
2019թ. հունիսի 9-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Հիշեցնենք, 2018թ. նոյեմբերի 23-ին Տավուշի մարզպետ (այժմ` նախկին) Վահե Ղալումյանը, ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Տավուշի մարզի դատախազության դատախազ Վ. Սարգսյանի 2018թ. հոկտեմբերի 8-ի թիվ 38161818 քրեական գործով կայացրած որոշումը, Ազատամուտ համայնքի ղեկավարի տեղակալի 2018թ. նոյեմբերի 12-ի դիմումը եւ Ազատամուտի առողջության պահպանման առաջնային կենտրոնի կողմից տրված անաշխատունակության թերթիկը, որոշել է Վահագն Ալավերդյանին 2018թ. նոյեմբերի 23-ից մինչեւ Ազատամուտ համայնքի ղեկավարի ծառայողական պարտականությունների կատարման անհնարինություն առաջացնող հանգամանքների վերացումը նշանակել այդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Վահագն Ալավերդյանը ղեկավարում էր Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով սահմանամերձ այդ գյուղում 2018 թվականին անցկացված հանրահավաքները: Տավուշի մարզի թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազատամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություներում առայժմ թեկնածուներ չեն առաջադրվել, համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն է մայիսի 19-ը:

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՉԵՆ ՏՐՎԵԼ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները 2019թ. հունվարի 1-ից ազատվել են աշխատանքից եւ գրանցվել կադրերի կարճաժամկետ ռեզերվում: Այդ տեսչությունը 2 գործառույթ ուներ` հետաքննում էր տեղի ունեցած հրդեհների պատճառները եւ տարբեր հիմնարկություններում ստուգումներ էր կատարում` հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Ներկայումս հրդեհների վերաբերյալ հետաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: Հայաստանի Հանրապետությունում աշխատանքից ազատվել է նշված տեսչության ընդհանուր թվով մոտ 120 աշխատակից: Օրենքով սահմանված կարգով այդ աշխատակիցները պետք է ստանային 2019թ. հունվար, փետրվար եւ մարտ ամիսների աշխատավարձերը, ինչպես նաեւ փետրվար ամսվա համար նախատեսված պարգեւավճարը, սակայն նրանք ստացել են միայն հունվար ամսվա աշխատավարձը: Այդ աշխատողները չգիտեն, թե ինչու է ուշանում իրենց աշխատավարձերի եւ պարգեւավճարի վճարումը:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս