Այսօր՝ հուլիսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում; Ժամը 21։08-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ջրահեղձ եղած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Հրանտ Խանձրածյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ՝ 5-ամյա Անդրանիկ և 3-ամյա Արամ Ա-երը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք հարազատ եղբայրներ էին և երեկ եկել էին Տավուշի մարզի Գանձաքար գյուղ, որտեղ «Մենուա» հանգստյան գոտում մասնակցել են Վարդավառի տոնակատարությանը, և այսօր պետք է վերադառնային Երևան։ Ժամեր առաջ երեխաներին փնտրել են և որոշ ժամանակ անց նրանց հայտնաբերել են լողավազանում ջրահեղձ եղած վիճակում։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտե Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Եփրեմ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։