122 ԴԱՏԱՎՈՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգն ու Ազգային ժողովը շարունակում են Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մինչ ԱԺ-ն ԲԴԽ-ի իր թեկնածուի ընտրությամբ է զբաղվում, դատական համակարգում պատրաստվում են նոր գործընթացների:

Ինչպես գիտենք, մայիսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, որից հետո` հունիսի 7-ին, պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց Գեւորգ Դանիելյանը: Այնուհետեւ հրաժարականի դիմում ներկայացրեցին Սնանկության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը եւ ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը: Եւ ստացվել էր այնպես, որ ԲԴԽ-ի կազմում մնացել էին 4 անդամներ` Հայկ Հովհաննիսյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը եւ դատավոր Սերգեյ Չիչոյանը: Ազգային ժողովի կողմից ընտրվեցին երկու թեկնածուներ` Գրիգոր Բեքմեզյանը եւ ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: ԱԺ-ն եւս մեկ հոգու պետք է ընտրի, եւ իր մասով գործընթացը կավարտվի: Եւ որքան էլ տարօրինակ էր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանը երեկ չընտրվեց:
Հիշեցնենք, որ Մարգարյանի թեկնածությանը դեմ էին դատական համակարգի ներկայացուցիչները, քանի որ համարում էին, որ նա մի օր չի եղել դատարանի դահլիճում եւ չի կարող լինել ԲԴԽ անդամ: Մարգարյանը, սակայն, պրոֆեսիոնալ իրավաբան է եւ լավ համարում ունի մասնագիտական շրջանակներում:
Դատական համակարգին ծանուցում են
Եվ այսպես, մինչ Ազգային ժողովը կտապալեր իր կողմից բերված թեկնածուի քվեարկությունը, դատական համակարգում, շունչները պահած, սպասում են: Այս օրերին դատավորներին ծանուցումներ են ուղարկում, որ հուլիսի 11-ին` ժամը 14:00-ին, ներկայանան Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ եւ Դավիթաշենի նստավայր` մասնակցելու դատավորների ժողովի, որպեսզի ընտրեն ԲԴԽ անդամներ: Դատական համակարգում կա շուրջ 230 դատավոր, որից մոտ 122-ի անցած ճանապարհը, աշխատանքային փորձը թույլ է տվել, որպեսզի վերջիներս ընդգրկվեն ԲԴԽ անդամ դառնալու ցուցակում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` 122 դատավորի, որոնք ընդգրկվել են ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակում, հունիսի 27-ին ծանուցում է ուղարկվել, որի մեջ նշվել է, որ մինչեւ հուլիսի 6-ը` ժամը 18:00-ն, ժամանակ ունեն հրաժարվելու ԲԴԽ անդամության թեկնածությունից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երեկվա դրությամբ որեւէ դատավոր ԲԴԽ անդամի թեկնածությունից հրաժարվելու դիմում չի ներկայացրել: Նրանց մեջ եղել են մարդիկ, որ արդեն իրենց գործընկերների շրջանում սկսել են կարծիքներ հայտնել իրենց ապագայի մասին: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը ասել է, որ ինքը շարունակելու է մնալ ցուցակում, անգամ դատական համակարգում լուրեր կան, որ նա կարծիք է հայտնել` եթե ԲԴԽ անդամ չընտրվի, ցանկություն ունի դառնալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: ԲԴԽ անդամ դառնալու ցանկություն է հայտնել նաեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: ԲԴԽ անդամ են ցանկանում դառնալ, համենայնդեպս արդեն մի քանի տեղ արտահայտվել են, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: Այսինքն՝ գոնե մեզ հասած տեղեկություններով` մոտ 122 հոգուց 5-ը տարբեր շրջանակներում կարծիքներ են հայտնել, որ ցանկանում են դառնալ ԲԴԽ անդամ:
Դատավորները` իրենց մասին
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, որը հաստատեց. «Այո, պաշտոնապես հայտարարում եմ, որ կա նման ցանկություն ընտրվել ԲԴԽ անդամ»:
Մեր այն հարցին, թե ճիշտ են արդյոք մամուլի տեղեկություններն այն մասին, որ ինքն իշխանության ԲԴԽ նախագահի թեկնածուն է, վերջինս նշեց. «Ով դա գրել է, օրենքի չիմացության արդյունք է. երբ ԲԴԽ անդամները համալրվում են, իրենց մեջից ընտրում են ԲԴԽ նախագահ: Համենայնդեպս, կարգով ԲԴԽ անդամներն են իրենց մեջից ընտրում ԲԴԽ նախագահի, այստեղ իշխանության թեկնածու եզրույթը ինձ համար անհասկանալի է»:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն էլ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով իր մասով պտտվող տեղեկություններին, ասաց` այս պահի դրությամբ նման դիմում չի գրել, եւ հրաժարվեց պատասխանել այլ հարցերի:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի խոսքով` ինքնաբացարկի ինստիտուտ գոյություն ունի. «Ժամկետ գոյություն ունի, ամեն ինչ կորոշի այդ ինքնաբացարկի ժամկետը»:

 

 

 

ԲԴԽ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆ` ԻՐԵՆ ՉԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երեկ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված թեկնածու Աննա Մարգարյանը ԲԴԽ անդամ չի ընտրվել: Թեկնածուին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19 պատգամավոր: ԲԴԽ անդամն ընտրվում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Աննա Մարգարյանի հետ` հասկանալու համար, թե ինչու նա չընտրվեց ԲԴԽ անդամ:

-Տիկի՛ն Մարգարյան, ինչո՞ւ, ըստ Ձեզ, Դուք չընտրվեցիք:
-Կարծում եմ` արձագանքը ակնհայտ էր: «Լուսավոր Հայաստանին» հարցրեք, կասի` խնդիրն այն է, որ կարծում էին` իրենց թեկնածուն պետք է լիներ, ոչ թե կապված էր անձի հետ, այլ ավելի շատ, թե ով է ներկայացնում թեկնածուին: Դիրքորոշումը ակնհայտ հայտարարվեց պարոն Գորգիսյանի կողմից, որ զուտ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք խնդիր չունենք թեկնածուի հետ, բայց ներկայացվել է «Իմ քայլի» կողմից, ոչ թե դա մեր թեկնածուն է: Մեր թեկնածուները ժամանակին մերժվել են, մենք էլ հիմա դեմ ենք քվեարկում: Մի քիչ ինձ համար անընդունելի մոտեցում է այն առումով, որ դատական համակարգի նկատմամբ վստահության ձեւավորման այս գործընթացում, կարծում եմ, որ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները պետք է ղեկավարվեն գերակա շահերով, բայց դա իրենց որոշումն է:
-Այսինքն` խնդիրը միայն դրա՞ մեջ եք տեսնում. ասում են, որ իշխող ուժի շատ ներկայացուցիչներ գործուղման մեջ էին, չկային, դրա համար չընտրվեցիք:
-Դա էլ է ճիշտ , բայց ես չեմ գնացել որպես իշխող ուժի ներկայացուցիչ թեկնածու, ես իրենց կողմից առաջադրվել եմ, իհարկե, բայց իրենք ինձ չեն էլ ճանաչել: Նույն «Իմ քայլ»-ում ես երկու-երեք հոգի ճանաչեմ կամ չճանաչեմ ուսանողի կամ գործընկերոջի կարգավիճակում, բացարաձակ այլ առնչություն չեմ ունեցել: Հեղափոխության ընթացքում իրենց կողքին չեմ եղել, որ մտածեն իրենց թեկնածուն եմ եղել, արժեքները, որ կան արդարության, օբյեկտիվության, իրավական հստակության առումով, այո, կիսում եմ, մնացած առումներով ասել, որ ես զուտ իշխանական թեկնածու եմ, ինձ համար ընդունելի չէ:
-Դատական համակարգը Ձեր առաջադրումը վատ էր ընդունել, ասել էին, որ Դուք դատարանի դուռը չեք բացել, Դուք ո՞նց պետք է դատավորների խնդրով զբաղվեք:
-Ես իմ ելույթում անդրադարձա բոլոր խնդիրներին, որոնք կան դատական համակարգում, գոնե դրանց մեծամասնությանը: Ես դատական համակարգի ներկայացուցիչ չեմ, բայց ես փորձագետ եմ եղել` դատաիրավական բարեփոխումների հետ կապված: Լինելով գիտնական` չէին կարող ուշադրություն չդարձնել այդ ոլորտին, այսինքն` կոնկրետ անձանց ճակատագրի հարց չեմ լուծել, բայց դատական համակարգի խնդիրներից առավել քաջատեղյակ եմ, առավել շատ կարծում եմ` խնդիրը քաղաքական դիրքորոշումների մեջ էր:
-Ձեզ մի քանի անգամ առաջարկել են ԲԴԽ անդամ դառնալ, Դուք մերժել եք, բայց այս անգամ համաձայնել եք, ու այսպես ստացվեց: Ի վերջո, եթե օրենքը թույլ տա, կրկին առաջարկ լինի, կհամաձայնե՞ք:
-Այո, նախկինում եղել է առաջարկ, որից հրաժարվել եմ, առաջարկներ ավելի ճիշտ: Ի վերջո, որոշում կայացվեց, որ թեկնածությունս առաջադրվի, այդ առումով տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում է: Ինչ վերաբերում է շարունակությանը, ապա իրենք էլ էին ասում , որ սա ընդամենը տեխնիկական բնույթի խնդիր է, ինչ-որ մեկ տեղ ներքին սխալ կոմունիկացիայի, իրենք կարող են առաջադրել, տեսնել, թե ինչ խնդիր է, բայց այս պրոցեսով անցնելը ցանկալի տարբերակ չէ:
-Այսինքն` այդքան էլ կողմ չե՞ք լինի, որ Ձեզ կրկին առաջադրեն:
-Ավելի շատ բացասական:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ՄԻՋԱԴԵՊԻ ՊԱՏՃԱՌԸ

2019 թվականի հունիսի 28-ին` ժամը 23:08-ին եւ 23:10-ին, Դավիթաշեն 4-րդ փողոցում լսվել էին կրակոցի ձայներ: Միջադեպից հետո 8 անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որից 3 հոգու վիճակը այսօր էլ շարունակում է մնալ ծանր:
Փաստի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Ըստ պաշտոնական հայտարարության` դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքեր, ապակու կոտրված կտորներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, առգրավվել են դեպքի պահին վնասվածքներ ստացած անձանց հագին եղած հագուստները:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղի ունեցած միջադեպից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` մինչ հունիսի 28-ի միջադեպը վերոնշյալ փողոցում նույն քաղաքացիների միջեւ կռիվ է եղել, որի մասին իմացել են իրավապահները, անգամ կատարվածից հետո նյութեր են նախապատրաստվել, եւ դեպքից հետո իրավապահները նախազգուշացրել են Դավիթաշեն 4-րդ փողոցի երկու հարեւաններին, որ պահպանեն կարգ ու կանոն:
Ըստ էության, իրավապահների առաջին նախազգուշացումը որեւէ արդյունք չի տվել, եւ հունիսի 28-ին երկու հարեւաններ կրկին կռվի են բռնվել, որի հետեւանքով 8 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Իսկ ինչո՞ւ երկու հարեւանների ջուրը մի առվով չի գնում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երկու հարեւանների միջեւ կռիվը եղել է երեխաների շուրջ առաջացած անախորժության պատճառով: Կողմերից մեկի 12-ամյա դստերը նեղացրել են, նրա անվան հետ կապված վատ արտահայտություններ են հնչեցրել, որն էլ հարազատների կողմից անպատասխան չի մնացել: Երկու հարեւաններ փայտով, քարով, զենքով եւ այլ հնարավոր միջոցներով հարվածել ու ծեծել են միմյանց:
Իհարկե, երեխային վատաբանելը չի կարող թուլատրելի լինել, բայց, մյուս կողմից, 12 տարեկան երեխայի մասին վատ բան խոսելու համար լավագույն լուծումը փայտն ու զենքը չէ: Աշխարհում կան այլ գործիքներ, որոնցից ամենաէֆեկտիվի անունը երկխոսություն է: Արդյոք հնարավոր չէ՞ երկխոսելով հարցը կարգավորել, որ ծնողներն ու բարեկամները զենք են կիրառում եւ 8 հոգով հայտնվում հիվանդանոցում: Կարծում ենք՝ գոնե իրավապահների առաջին զգուշացումից հետո պետք է կողմերի համար հասկանալի լիներ, որ գործը չպետք է հասներ «դիվանբաշուն»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս