ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) իր գործունեության 15-րդ տարում ընդունում է հայտեր 2019-2020 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչեւ մեկ շաբաթ տեւողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար, որոնք տեղի կունենան սեպտեմբեր-հուլիս ժամանակահատվածում` տարբեր ամիսների: Յուրաքանչյուր հաջորդ սեմինարին կհրավիրվեն միայն ուսումնական գործընթացին պարտաճանաչորեն եւ որակով մասնակցողները: Եվս մեկ սեմինար նախատեսվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա), որի մասնակիցները կընտրվեն հայաստանյան սեմինարների շարքը բարեհաջող ավարտածներից: Ընտրությունը կկատարվի դիմումների հիման վրա:

ՔԴԵԴ-ը Քաղաքական դասընթացների դպրոցների Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է: ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդ քաղաքական գործիչների իմացությունների ընդլայնմանը եւ քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը:
Հայաստանյան սեմինարներին հրավիրվում է հանրապետության լավագույն էքսպերտային կազմը, օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ:
Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ եւ անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ եւ այլք:
ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում, հայտնի հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային եւ տեղական կառավարման մարմիններում, բանակում, ոստիկանությունում, բիզնեսում եւ տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաեւ լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտության ոլորտի մասնագետները, հոգեւորականները:
Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ-ի սեմինարներին չի նախատեսվում:
Հայտատուն պետք է`
1. լինի 23-ից մինչեւ 40 տարեկան: Դրանից բարձր տարիքի դեպքում բացառություն կարվի միայն բացառիկ դեպքերում,
2. ունենա 2 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ստաժ (ուսումնառության, զինվորական ծառայության, կամավորական աշխատանքի ժամանակահատվածը չի համարվելու մասնագիտական ստաժ) եւ աշխատելիս լինի,
3. լինի Եվրոպայի խորհրդի որեւէ անդամ-պետության լիիրավ քաղաքացի:
Անգլերենի, ֆրանսերենի կամ ռուսերենի իմացությունը պարտադիր է:
Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի կազմակերպելիք սեմինարներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.
1. դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձեւ), որի բոլոր կետերը ենթակա են պարտադիր լրացման,
2. մեկ լուսանկար (փակցնել դիմում-հարցաթերթիկին),
3. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն: Նույնականացման քարտի կամ կենսաչափական անձնագրի դեպքում` նաեւ տեղեկանք` հաշվառման վայրի վերաբերյալ),
4. ինքնակենսագրություն (CV),
5. հավաստագիր` (հատուկ ձեւ),
6. երաշխավորագիր` պարտադիր կնքված, հայտատուին գործուղող կառույցի ղեկավարից առ այն, թե`
ա. ինչո՞ւ է հայտատուին երաշխավորում մասնակցել ՔԴԵԴ-ի սեմինարներին: Որո՞նք են սպասելիքները,
բ. ինչո՞վ են իր կազմակերպության նպատակներն ու ծրագրերը համընկնում ՔԴԵԴ-ի առաքելության հետ:
Երաշխավորող մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար: Երաշխավորողի կողմից հայտատուի երաշխավորագիրն ուժը կորցրած համարելու դեպքում հայտատուն այլեւս չի հրավիրվում ՔԴԵԴ-ի սեմինարներին:
Ըստ անհատական դեպքի` կարող են պահանջվել այլ փաստաթղթեր եւս:
ՔԴԵԴ-ի հայաստանյան սեմինարները կազմակերպվում են ինչպես Երեւանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս (Ծաղկաձոր, Աղվերան, Դիլիջան, Ջերմուկ եւ այլն): Մասնակիցների ուսումնառության եւ կեցության ծախսերը հոգում է ՔԴԵԴ-ը: Մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուները ՔԴԵԴ-ի սեմինարներին կարող են մասնակցել հրավիրյալի կարգավիճակով` համաֆինանսավորմամբ, սեփական դիմումի հիման վրա: Հրավիրյալը համաֆինանսավորմանը մասնակցում է 150 000 ՀՀ դրամի չափով:
Մասնակիցներին ու հրավիրյալներին Եվրոպայի խորհրդի կողմից կտրվի նույն նմուշի ավարտական վկայական:
Սեմինարների հայաստանյան ցիկլը բարեհաջող ավարտողները կարող են դիմել ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար: Դիմումները քննության կառնվեն` ըստ Եվրոպայի խորհրդի սահմանած պայմանների եւ քվոտաների: Այդ քվոտայի շրջանակում ՔԴԵԴ-ի պատվիրակության կազմում ընդգրկվողները մասնակիորեն` 410 եվրոյի չափով, մասնակցում են ՔԴԵԴ-ի ծրագրերի իրականացմանը:
Նախնական մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:
Այն հայտատուները, որոնք քննությունների արդյունքում կհաղթահարեն մրցույթի փուլը, ուսումնական գործընթացը սկսվելուց առաջ պետք է ՔԴԵԴ ներկայացնեն աշխատանքային գրքույկի բնօրինակը եւ դրա պատճենը` վերջին 2 տարվա (2017-2019) աշխատանքային ստաժի նշումով: Անհրաժեշտության դեպքում` մասնագիտական աշխատանքային ստաժի առկայությունը հիմնավորող փաստաթղթեր Պետական եկամուտների կոմիտեից:
Ֆաքսով կամ էլ. փոստով ստացված փաստաթղթերը չեն կցվում գործերին: Ներկայացնել միայն բնօրինակները:
Եվրոպայի խորհրդի կողմից սեմինարների եւ մյուս միջոցառումների չֆինանսավորման կամ ֆինանսավորման կրճատման պարագայում կարող է կրճատվել միջոցառումների ու մասնակիցների քանակը:
Որեւէ փուլում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից դրանք ի հայտ գալուն պես:
Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ` անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությամբ: Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում եւ չեն վերադարձվում:
Դիմումներն ընդունվում են հուլիսի 9-ին եւ 10-ին` ժամը 13:00-ից 16:00-ը: Այդ օրերին հանրապետությունից բացակայողները կարող են փաստաթղթային փաթեթը հանձնել ավելի վաղ` նախապես պայմանավորվելով: Հասցե` Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ` գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:
Հեռախոս` 010 51 11 71
Կայք` www.ysps.am
Օգոստոսի երրորդ տասնօրյակում կհայտարարվի ընդունելություն 2019-2020 ուսումնական տարվա «ՔԴԵԴ Երիտասարդական» ծրագրի համար:




Լրահոս