Սիրո մեջ հանդուրժող եմ և ներողամիտ. Լիա Զախարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Խաղ իմ կանոններով», «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմերից, «Կյանքից առավել», «Եռաչափ սեր» հեռուստասերիալներից, «Outdance» պարային սիթքոմից հայտնի դերասանուհի Լիա Զախարյանն է: Նա անդրադարձել է ապագայի իր պլաններին, նշել, որ ցանկանում է բացահայտել տարբեր երկրներ՝ իրենց մշակույթով եւ բնությամբ: Դերասանուհին պատմել է, թե ինչպիսին է պատկերացնում իր երազանքների աշխարհը: Նա խոսել է մարդկային այն տեսակի մասին, որին մոտ չի թողնում իրեն, խոստովանել, որ չի համակերպվում այն մտքի հետ, որ մարդիկ կարող են երբեւէ հանձնվել:Լիան խոսել է նաեւ իր այն շնորհից, որի մասին քչերը գիտեն:

-Լիա՛, կյանքից թանկ բան կա՞:

-Կարծում եմ՝ ոչ:

-Ժամանակը պետք է ծախսել այն մարդկանց վրա, որոնք…

-Ապրում են քո ներկայում: Պետք չէ ապրել ո՛չ անցյալով, ո՛չ ապագայով:

-Ավելի հետաքրքիր է շփվել տարիքով փոքրերի՞, թե՞ մեծերի հետ:

-Երկուսի հետ էլ հետաքրքիր է, երկուսից էլ սովորելու շատ բան կա:

-Երբեք չէիք պատկերացնի, որ մի օր…

-Ես ամեն ինչն էլ պատկերացրել եմ, օրինակ՝ հայտնի դառնալս: Նույնկերպ պատկերացումներ ունեմ նաեւ ապագայի վերաբերյալ:

-Ձեզ միշտ դուր են եկել այն տղաները, որոնք…

-Որոնք դուր են եկել (ծիծաղում է):

-Ծաղիկները ավելի գեղեցիկ են պարտեզո՞ւմ, թե՞ տնային պայմաններում:

-Բոլոր դեպքերում նախընտրում եմ ծաղիկները հողի մեջ տեսնել:

-Աստվածաշնչում կա՞ պատվիրան, խոսք, որը Ձեզ համար վիճարկելի է:

-Ոչ, պատվիրանները միշտ, կրկնում եմ, ինձ համար վիճարկելի բան չկա:

-Ձեզ համար մեծ հաջողություն կլիներ, եթե…

-Մեր երկրում բոլոր ոլորտներում ակտիվ մրցակցություն լիներ:

-Ազգային որակ, բնավորություն, որ կցանկանայիք փոխել:

-Շատ կան…Կցանկանայի մարդիկ ավելի գնահատող եւ շնորհակալ լինեին:

-Ձայն, որ միանգամից կճանաչեք բոլոր պայմաններում:

-Առհասարակ, ես բոլորի ձայներն էլ լավ ճանաչում եմ: Նույնիսկ երբ զանգահարում են ինձ եւ, ձայնները փոխած, խոսում են, ես անմիջապես գլխի եմ ընկնում, թե ով է կատակ անողը:

-Ունե՞ք մի շնորհ, որ չեք օգտագործում:

-Այո, գրելու ձիրք ունեմ, դեռ դպրոցական տարիներից գրում էի ե՛ւ չափածո, ե՛ւ արձակ գործեր: Փոքր ժամանակ դրանք ցույց էի տալիս շրջապատիս մարդկանց: Հիմա էլ ստեղծագործում եմ, բայց չեմ հրապարակում: Գրում եմ ու փակում դարակիս մեջ:

-Ավելի լավ է լինել խաղաղ եւ մենա՞կ, թե՞ ապրել դժվարին, խոչընդոտներով լի կյանքով ինչ-որ մեկի հետ:

-Իհարկե, դժվարին կյանք ինչ-որ մեկի հետ: Բոլոր կարգի հարաբերություններում բարդություններն անխուսափելի են:

-Եթե ստեղծեիք Ձեր աշխարհը, ինչպիսի՞ն կլիներ այն:

-Շատ ջուր կլիներ այնտեղ, կլինեին հսկա ծառատեսակներ, շատ կանաչ, ծաղիկներ, համեղ մրգեր, բանջարեղեններ, սիրուն նավեր, լիքը վազվզող, պարող, ժպտացող մարդիկ:

-Դժվարությամբ եք համակերպվում այն մտքի հետ, որ…

-Մարդիկ որեւէ հարցում հանձնվում են:

-Ո՞վ էր Ձեր սիրելի ուսուցիչը:

-Հայոց լեզվիս ուսուցչուհին՝ Սոնա Հարությունյանը: Երբ նա խոսում էր, ես լսում էի: Այսինքն՝ դասարանը կառավարելու ունակություն ուներ, կոկիկ էր, ճաշակով, շատ լավ մասնագետ էր, որի շնորհիվ հայոց լեզվի ունակություններս զարգացրել եմ, հետաքրքրվել եմ մեր լեզվով:

-Մարդկային ո՞ր տեսակին մոտ չեք թողնում:

-Քծնող եւ շահամոլ:

-Սիրո մեջ ինչպիսի՞ն եք:

-Հանդուրժող, ներողամիտ, փոխզիջող:

-Կինը գեղեցիկ է, երբ…

-Կանացի է:

-Սիրելի կոմպոզիտորը:

-Մանսուրյան:

-Մի բան, որ ապագայում անպայման պետք է անեք:

-Մտադիր եմ շրջել տարբեր երկրներում, ճանաչել տարբեր մշակույթներ, ծանոթանալ տեղանքներին, չեմ ուզում սահմանափակվել Հայաստանով:

Աննա Բաբաջանյան




Լրահոս