Նավուրի դպրոցը կվերանորոգվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնովին կնորոգվի եւ կվերակառուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն եւ 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաեւ հրապարակել է դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այդ ցանկում Տավուշի մարզից ընդգրկված են Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցների շենքերը:

Տավուշի մարզում վերանորոգման կարիք ունեն հանրակրթական դպրոցների շատ շենքեր, այդ թվում` Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի միջնակարգ դպրոցի շենքը: Ծնունդով Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղից, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2019թ. օգոստոսի 4-ին` Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի 200-ամյակի տոնակատարության ժամանակ, հանդիսության հարյուրավոր մասնակիցներին հավաստիացրեց, որ Նավուր գյուղի կրթօջախը շուտափույթ վերանորոգվելու է` հայտարարելով. «Մենք իրավունք չունենք այսպիսի դպրոց ունենալու, եւ սա ամոթն է մեր 30 տարվա իշխանության, եւ ես ներողություն եմ խնդրում` որպես կառավարության ներկայացուցիչ, 30 տարվա իշխանության կողմից այս դպրոցի առթիվ, այս դպրոցի համար:

Դպրոցը համայնքի կենտրոնն է եւ այդ համայնքի ամենամեծ խորհրդանիշն է, եւ եթե դպրոցը չկա, ուրեմն համայնք չի լինելու: Ես չգիտեմ, թե ինչու է այսպես դպրոցի վիճակը, բայց մենք օր առաջ պիտի այս խնդիրը լուծենք, եւ հաջորդ տոնակատարությունը հենց այս նույն վայրում պիտի լինի, հենց դրա առթիվ, եւ չգիտեմ` դա կլինի մեկ տարի հետո, երբ որ մենք կնշենք Նավուրի տոնը, թե կլինի ավելի շուտ, եւ եթե ավելի շուտ, ավելի երջանիկ կլինենք դրա համար: Եկեք ծափահարությամբ մենք ասենք հետեւյալը, որ ամեն մեկս մեր լուման պիտի ներդնենք օր առաջ գեղատեսիլ եւ գեղեցիկ կրթօջախ ունենալու համար, մեր երեխաներին արժանի դպրոց ունենալու համար»:

Նավուրի միկջնակարգ դպրոցի շենքը թեեւ շատ հին չէ, սակայն վատ է պահպանվել. շենքի ճակատի պատի ապակիները ջարդված են, ջրահեռացումը լավ չի կատարվում: Տավուշի մարզպետ Հ. Չոբանյանը շենքը նորոգելու վերաբերյալ հրապարակային խոստում տալուց առաջ նաեւ պետք է պարզեր, թե ում մեղքով է միջնակարգ դպրոցի շենքը նման վատ վիճակում հայտնվել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս