«ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ է ստացել, ապա նաեւ ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ՝ առանց ազատվելու ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առկա չէ որևէ փաստաթուղթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։ Ստացվում է` Արարատ Միրզոյանը միաժամանակ երկու պաշտոն է զբաղեցրել, որոնք անհամատեղելի են:
Այս առնչությամբ ArmLur.am-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից փորձեց պարզել` ինչպես է վերաբերվում այդ հանգամանքին: Սակայն Աղազարյանը վստահեցրեց, թե նման բան չի կարող լինել:
«Այդպիսի բան չի կարող տեղի ունենալ, քանի որ եթե նա Ազգային ժողովի պատգամավորը, ապա այլ պաշտոն չպետք է իրականացնի, հետևաբար ես դա բացառում եմ: Ես բացառում եմ, որ նման իրավիճակ կարող է լինել Արարատ Միրզոյանի հետ»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը: