2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ առաջին անգամ այցելեց Հայաստան, եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ առաջին այցը նշանավորվեց առաջին հերթին ուշագրավ հայտարարություններով:
Մասնավորապես, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետոՍերգեյ Լավրովը բառացիորեն հայտարարեց հետեւյալը. «Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնությանորեւէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձեւակերպել»,- հայտարարեց Լավրովը՝ հավելելով, թե Հայաստանը պարզապես այն չի ստորագրի: Սա այն թեզն է, որը հենց թավշյա հեղափոխությունից հետո, ըստ էության, առաջ է տանում ՀՀ վարչապետը, որ առանց Արցախի համաձայնության, այսինքն` բանակցային սեղանին վերադառնալու, ոչինչ չի կարող լինել:
Եվ հենց այս կոնտեքստում շատ հետաքրքիր էր նաեւ Լավրովի արձագանքն այն հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին Երեւանի առաջարկին: Լավրովը պարզապես հիշեցրել է, որ Հայաստանի նախկին նախագահներից մեկի ջանքերի շնորհիվ էր, որ Ստեփանակերտը դուրս մնաց բանակցություններից` ըստ էության ակնարկելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, բնակչության համաձայնությանորեւէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձեւակերպել: Հայաստանը պարզապես այն չի ստորագրի: Մենք ելնում ենք սրանից: Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ ցանկանում եմ նշել այն, ինչ այսօր մեր հանդիպմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեցիր հրապարակային հայտարարությունը, թե եզրափակիչ պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Ադրբեջանի շահերը: Դժվար է վիճել այս մոտեցման հետ», – նշեց Լավրովը:
Եվ այս ամենում հետաքրքիր են նաեւ Լավրովի հայտարարությունից հետո հնչող տեսակետները: Փաստացի ներկայիս իշխանության ներկայացուցիչներն այն մեկնաբանել են այնպես, թե Լավրովը կիսում է Փաշինյանի մոտեցումը, իսկ ՀՀԿ-ականներն էլ ճիշտ հակառակը` դա համարում էին պատասխան Նիկոլ Փաշինյանին եւ ձախողում: Նշենք, որ Լավրովի հայտարարությանն առաջինն արձագանքել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նրա եզրակացությունն այսպիսին էր. «Այսպիսով, նախկին ռեժիմի ճամբարից ամիսներ շարունակ հնչող աբսուրդային մեղադրանքներն առ այն, որ «Նիկոլ Փաշինյանի մեղքովմենք բանակցային վատ դիրքում ենք կամ դիտարկվում ենք որպես ապակառուցողական կողմ» ի չիք դարձան»։
Իսկ, ահա, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը լրիվ այլ տեսակետ ունի: «Փաշինյանն առաջարկում էր 3 ժողովուրդների համար ընդունելի լինելու սկզբունքը, ինչը շատ բուռն քննադատության արժանացավ Հայաստանի ներսում։ Եւ, ահա, այսօր Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովին նա փաստացի ասել է 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին։Եթե առաջին տարբերակը մաքուր եւ վտանգավոր պոպուլիզմ էր, ապա երկրորդը՝ բանակցային գործընթացի սկզբնավորումից մինչ այսօր գոյությունունեցող բանակցային տրամաբանություն։Շնորհակալ ենք ՌԴ ԱԳ նախարարին այս բացահայտման համար», – նշել էր Աշոտյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն Լավրովի հայտարարությունների վերաբերյալ Արցախում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, Լավրովը խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե պետք է այնպիսի լուծում, որն ընդունելի է բոլորի համար: Ինչպե՞ս եք արձագանքում Լավրովի հայտարարությանը:
-Առանց Արցախի անմիջական մասնակցության հնարավոր չէ կարգավորել Արցախյան հակամարտության հարցը: Եվ դա պետք է տեղի ունենա բոլոր հարթություններում. այլ ոչ թե միանանք եւ ինչ-որ մի պահի Ադրբեջանի քմահաճույքի հետեւանքով դուրս մղվենք: Սա շատ կարեւոր է, եւ մեզ համար չափազանց բարենպաստ մթնոլորտ է ձեւավորվել: Լավրովի խոսքերի մեջ որեւէ սխալ բան չկա, մենք էլ ենք այդ մասին միշտ խոսում: Պաշտոնական Ստեփանակերտը նման գաղափար տարիներ շարունակ է առաջ քաշել եւ ասել, որ կարգավորման համար անհրաժեշտ է ժողովուրդների միջեւ պատմական հաշտության կնքումը: Եթե որեւէ որոշում ընդունելի չլինի Ադրբեջանի համար, ինչպես կարող են իրենք ընդունել: Այս պահին Ադրբեջանը որեւէ կերպ պատրաստ չէ, եւ հայատյացությունն իրենց մոտ մնում է հիմնական գաղափարախոսություն, իսկ դա լավ բանի չի բերում:
– Լավրովը հայտարարեց, թե նախկին նախագահներից մեկի մեղքով է եղել, որ Արցախը դուրս է մնացել բանակցային սեղանից: Կիսո՞ւմ եք այս տեսակետը:
Մենք այդ հարցին բազմիցս արձագանքել ենք: Այստեղ խոսքը չի գնում նրան, թե ով է դա որոշել, ինչու միջազգային հանրությունը չի արձագանքել,եթե այդ որոշումը կայացվել է հիմնադիր գագաթաժողովի ժամանակ եւ բոլոր երկրները կողմ են եղել, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք բանակցային կողմ` Արցախ, Հայաստան, Ադրբեջան: Եթե անգամ ինչ-որ մի գործիչ այդպիսի որոշում կայացնի, պետք է միջազգային հանրությունն արձագանքեր, ո՞նց են թողել` մեկ հոգի բեկանի միջազգային կառույցի որոշումը: Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանն է շահարկում եւ ինքն է ցանկանում, որ Արցախը չվերադառնա բանակցային սեղանին:
-Ռոբերտ Քոչարյանի՞ն է արդյոք ակնարկում:
-Գիտեք, ես չգիտեմ` ում է ակնարկում: Բայց պետք է հստակ ասել, որ դա Ադրբեջանի քմահաճույքն է եղել` անկախ ամեն ինչից: Եթե իրենք շահագրգռված են, որ վերադառնա բանակցային սեղան, ինչո՞ւ հիմա չեն ասում: Եվ բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ անհատը այդ հարցը կարգավորել:
Հավելենք, որ երեկ Լավրովը Հայաստանում հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ Armlur.am կայքում:
Նաիրա Հովհաննիսյան