«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»-Ն ՊԱՐՏՎԵՑ ՓԼԵՅ ՕՖՖՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լյուքսեմբուրգի «Ժոզի Բարտել» մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման 4-րդ` «Դյուդելանժ» – «Արարատ – Արմենիա» պատասխան հանդիպումը: Խաղն ավարտվեց լյուքսեմբուրգցիների 2:1 հաշվով հաղթանակով, իսկ վերջնական հաղթանակը Ֆերերայի սաները ձեւակերպեցին 11մ հարվածաշարում: Այսպիսով, հայկական հեքիաթը կրկին մնաց կիսատ. պատմությունը չգրվեց, իսկ Վարդան Մինասյանը հայտնվեց դեժավյուի մեջ` կրկին ձախողելով ճակատագրական պահին:

Խաղի մասին
Այո, մենք պարտվեցինք, եւ այդ ամենը, մեղմ ասած, շատ ցավալի էր, բայց պետք է ընդունել այս պարտությունը եւ ընդունել նաեւ այն, որ այս պարտությունը ավելի քան տրամաբանական էր: Հրաշալի խաղ` առաջին կեսում, եւ կատարյալ ձախողում` երկրորդում: «Դյուդելանժը» այս խաղում այնքան պահ ստեղծեց, որը կարող էր բավականեցնել միանգամից մի քանի հանդիպման: Լյուքսեմբուրգցիները միանգամայն արժանի հաղթանակ տոնեցին եւ հայտնվեցին Եվրոպա Լիգայի խմբային փուլում: «Արարատ – Արմենիան» առաջին գոլից հետո ամբողջովին փոխվեց, կարծես խաղն արդեն ավարտված համարելով` մեր տղաները սկսեցին գնդակ գլորել, որը տվեց ոչ ցանկալի արդյունք: Ցավալին այն է, որ գոլից հետո մեր ֆուտբոլիստները այլեւս չկարողացան սպառնալ մրցակցին: Պարտությունը տրամաբանական էր, որը պետք է որ լավ դաս լինի հայկական թիմին: «Արարատ – Արմենիան» կազմավորվել է ընդամենը 1 տարի առաջ, եւ այն հաջողությունները, որը գրանցեց մեր թիմը, իրոք անհավանական էր: Վարդան Մինասյանը ստեղծել է լավ թիմ, լավ կոլեկտիվ, որը դեռ մեծ հաջողությունների կհասնի, իսկ որակավորման փլեյ օֆֆը միայն այդ հաջողությունների ազդանշանն էր:

Մրցավարների մասին
1 դիմակայություն` 2 հանդիպում: «Արարատ – Արմենիայի» համար կարող էր ամեն ինչ ավարտվել ավելի վաղ, քան ֆուտբոլային վիճակախաղն էր: Եթե առաջին խաղում մրցավարները արձանագրեին «Դյուդելանժի» մաքուր գոլը, միգուցե այլ ֆուտբոլ եւ այլ արդյունք տեսնեինք: Այդ ամենին գումարած` երկրորդ խաղի 47-րդ րոպեին մեր թիմի ավագ Դմիտրի Գուզը խաղաց ձեռքով եւ մեր դարպասին բերեց 11մ հարված, սակայն, մրցավարի կարծիքով, խախտում կատարողը Մենեզեսն էր: Եւս մեկ փրկություն, որը խաղն ուղղակի «քարշ տվեց» լրացուցիչ ժամանակ: Այս փաստերը մեր թիմի տրամաբանական պարտության ապացույցներն են: 11մ հարվածաշարում մեր բախտը իրոք չբերեց, սակայն թե ինչու չբերեց, դա արդեն արտացոլում է դիմակայության երկրորդ հանդիպումը:
Եվրագավաթային լավագույն ֆուտբոլիստը
Ալֆոնա Կոջո Կասսե. ֆուտբոլիստ «Արարատ – Արմենիայի» կազմում, որը փայլեց եվրագավաթային յուրաքանչյուր խաղում: Իսկական հենակետային, որը «Արարատ – Արմենիայի» շարժիչ ուժն էր: «Ջոկերի» կարգավիճակում գտնվող Լուիս Օգանան նույնպես լավագույններից էր, որը փոխարինման մտնելով` կարողանում էր փոխել խաղի ընթացքը: Չպետք է մոռանալ նաեւ Նարսինգին, որը մեծ ծավալի աշխատանք էր կատարում: Եվրագավաթային շրջանը լավ սկսեցին Անտոն Կոբյալկոն եւ Պետրոս Ավետիսյանը, սակայն քայլ առ քայլ նրանք մարեցին եւ սկսեցին մեկը մյուսից վատ ֆուտբոլ ցուցադրել: «Դյուդելանժի» դեմ 2 խաղերում իրեն փայլուն դրսեւորեց Աբակումովը, որը ուղղակի իր սեյվերով անդադար վերադարձնում էր ինտրիգը:
Նոր կազմավորված «Արարատ – Արմենիան» մոտ էր հրաշք իրագործելուն, սակայն չստացվեց: Ամեն դեպքում, պետք է շնորհակալություն հայտնենք մեր թիմին այն էմոցիաների, այն զգացողությունների համար, որոնք հայկական ակումբը պարգեւեց ողջ ամռան ընթացքում, իսկ աշնանային հատվածը դեռ կդառնա իրականություն. «ախորժակն ուտելիս է բացվում»: Մյուս եվրագավաթներին վստահմամբ պետք է ասել, որ «Արարատ – Արմենիան» կմոտենա ավելի հասունացած եւ ավելի պինդ թիմ դարձած, ինչն էլ հնարավորություն կտա պայքարել նույնիսկ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ դուրս գալու համար:
Ընդամենը մեկ տարվա պատմություն ունեցող ակումբը կերտեց պատմություն, որը դաջվեց հայկական ֆուտբոլի պատմության մեջ եւ նոր սանդղակ սահմանեց հայկական թիմերի համար:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՔԱՀԱՆԱՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանի եւ նորաօծ քահանաների նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանն ազատվել է Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից եւ ծառայության կոչվել Ուկրաինայի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Արժանապատիվ Տ. Բենիամին քահանա Ծատուրյանը հովվական ծառայության է նշանակվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Սողոմոնյանը` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Արամ քահանա Ասատրյանը` Արագածոտնի թեմում, Տ. Վաղարշ քահանա Հակոբյանը եւ Տ. Լեւոն քահանա Դավթյանը` Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Արտաշես քահանա Հակոբյանը` Արարատյան Հայրապետական թեմում: Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը եւ Տ. Տրդատ քահանա Օհանյանը իրենց հոգեւոր ծառայությունը կշարունակեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում, Արժանապատիվ Տ. Վարազդատ քահանա Նաջարյանը եւ Տ. Գյուտ քահանա Գալստյանը` ՀՀ Զինված Ուժերի Հոգեւոր Առաջնորդությունում:




Լրահոս