Եթե վարորդներին տուգանելու բալային համակարգը Հայաստանում ուժի մեջ է մտել միայն 2020 թվականի հունվարի 1-ից, ապա Վրաստանում այն սկսել է գործել դեռեւս 2017 թվականի հուլիսի 1-ից: Սակայն էական տարբերություններ կան Հայաստանում եւ Վրաստանում գործող միջեւ:
Նախ նշենք, որ Հայաստանում գործում է 9 միավորանոց համակարգ, այնինչ Վրաստանում վարորդները ստանում են 100 միավոր: Երկու երկրների միջև առաջին տարբերությունն այն է, որ Հայաստանում մինչեւ սեպտեմբեր խախտումներն արձանագրելու են միայն տեսանկարահանող սարքերը, սեպտեմբերից նաև ոստիկանները, իսկ Վրաստանում հենց սկզբից գործել է միայն ոստիկանների կողմից տուգանվելու հետեւանքով բալեր կորցնելու համակարգը:
Եվ հետաքրքիր է նաեւ, որ Վրաստանում բոլոր բալերը կորցնելուց հետո վարորդները զրկվում են վարորդական իրավունքից մեկ տարով: Իսկ դրա վերականգման համար պետք է քննություններ հանձնել, սակայն մեկ տարվա ընթացքում միայն մեկ անգամ: Իսկ ահա Հայաստանում այլ իրավիճակ է. վարորդական իրավունքից այստեղ զրկվում են 6 ամիս ժամկետով, եւս մեկ անգամ 9 միավորը սպառելուց հետո միայն նրանք ստիպված են լինելու կրկին քննություն հանձնել եւ նոր վարորդական իրավունք ստանալ:
Ինչ իրավիճակ է Վրաստանում օրենքի ընդունումից հետո
Եվ այսպես, 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը վարորդական իրավունքից զրկվել է 157 վարորդ, որոնք մեկ տարվա ընթացքում կորցրել են իրենց 100 միավորները: Քաղաքներից առաջին տեղում Թբիլիսին է, որտեղ իրենց վարորդական իրավունքը կորցրել է 78 վարորդ: Միեւնույն ժամանակ Վրաստանի մայրաքաղաքում ամենից շատն են խախտվում ճանապարհային երթեւեկության կանոնները:
Թբիլիսիում են ամենից շատ նաև այն վարորդները, որոնք ոչ մի միավոր չեն կորցրել՝ մոտ 318 հազար վարորդ: Իսկ ահա օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում 90 վարորդ էր կորցրել վարորդական վկայականը:
Հետաքրքիր է՝ ինչպիսին կլինի իրավիճակը Հայաստանում մեկ տարի անց, սակայն հանուն արդարության նշենք, որ Վրաստանում նաեւ ճանապարհների առումով ավելի բարվոք վիճակ է եւ առկա են բոլոր պայմանները՝ այդքան խախտում թույլ չտալու համար, իսկ Հայաստանի իրավիճակում բալերը կարող են շատ արագ սպառվել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Էդգար Բաղդասարյան