Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում չկա որևէ գործ, որ կրակոցի պատճառ դառնար. Ռուբեն Վարդազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ կրակել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին: Կատարվածը բացահայտել է դատավոր Գրիգորյանը եւ ոստիկանությունում հաղորդում ներկայացրել:

Ի դեպ, ArmLur.am-ը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանից հետաքրքրվել էր, թե արդյոք անձնական, թե մասնագիտական վրեժխնդրության հետեւանք կարող է լինելիր աշխատասենյակի ապակու ուղղությամբ կրակոցը, վերջինս հայտնել էր, որ ինքն արձակուրդում է եղել, եւ չի կարծում, որ անձնավորված բան կարող է լինել՝ հավելելով, որ քննություն է կատարվում:

«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ զրուցեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ:

-Պարո՛ն Վարդազարյան,Դուք, լինելով դատարանների անկախությունը երաշխավորող խորհրդի ղեկավար, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի կրակոցի դեպքով ի՞նչ տեղեկություններ ունեք, ովքե՞ր եւ ինչո՞ւ են նման քայլի դիմել:

-Պաշտոնապես հայտարարում եմ, որ տեղեկություններ չունեմ, թե ինչի համար են կրակել կամ արդյոք կրակել են՝ իմանալով, որ դա Տաթեւիկ Գրիգորյանի առանձնասենյակն է, թե ոչ: Բայց կարող եմ հայտնել, որ, այո, ճիշտ եք՝ հայտնաբերել է Տաթեւիկ Գրիգորյանը եւ նույն օրը ահազանգել է ոստիկանություն եւ տեղեկացրել խորհրդին:

– Իսկ պարզե՞լ եք, թե դատավոր Գրիգորյանի վարույթում ինչ աղմկահարույց, խնդրահարույց քրեական գործեր կան, որոնք կարող էին հանգեցնել կրակոցների:

-Այո, պարզել եմ, նման տեղեկության տիրապետում եմ, Տաթեւիկ Գրիգորյանի վարույթում չկա որեւէ քրեական գործ, որի շրջանակներում մենք միգուցե մտածենք կամ մտքներովս անցնի, որ, օրինակ, պատճառը հենց այդ քննվող քրեական գործն էր: Բայց դա բացարձակ չի նշանակում, որ դա չի կարող վերաբերել նախորդ գործերին, դա կարող է լինել ինչ-որ մի հարցով վրեժխնդրություն: Չենք հաստատում, բայց չենք էլ բացառում:

– Բոլորին է հայտնի, որ Կենտրոնի դատարանը քննում է աղմկահարույց գործեր: Միգուցե սա հենց դատարանի՞ դեմ է, պարզապես կիրակոցը պատահաբար արձակվեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի առանձնասենյակի պատուհանին:

-Չեմ բացառում, բայց նաեւ չունեմ տեղեկություն, որ նման պնդում կատարեմ:

-Իսկ Դուք խոսե՞լ եք դատավոր Գրիգորյանի հետ, նա ի՞նչ կասկածներ ունի:

-Տիկին Գրիգորյանի հետ անձամբ չեմ խոսել ու չեմ կարող ասել՝ ինչ կասկածներ ունի: Բայց ենթադրում եմ, որ կասկածներ չունի այս պահին, այլապես ոստիկանությունում հաղորդում ներկայացնելիս եւս կներկայացներ իր կասկածները եւ կտեղեկացներ խորհրդին: Չէի ասի, թե դատավորն ահաբեկված է կատարվածից, բայց, իհարկե, մտահոգված է:

-Դուք՝ որպես ԲԴԽ նախագահ, որպես դատարանների անկախությունը երաշխավորող անձ, կատարվածը դատարանների աշխատանքը խոչընդոտելու գործողություն համարո՞ւմ եք:

-Չենք համարում, որ սա խոչընդոտում է, քանի որ չունենք նման տվյալ, բայց եթե հետաքննությունը, նախաքննությունը պարզի, որ սա միտումնավոր արձակած գնդակ է դատավորի կամ դատարանի գործունեության դեմ, եւ պատահականություն չէ, ապա սա խիստ դատապարտելի է:

-2019 թվականին աղմկալի իրադարձությունների կիզակետում հայտնվեց դատական համակարգը՝ դատարանների դռները փակելուց, «վնգստացող դատավորների» մասին հայտարարություններից մինչեւ աղմկահարույց գործ քննող դատավորների նկատմամբ ճնշումները: Հիմա էլ կրակում են: Ըստ Ձեզ՝ ինչի՞ հետեւանք է սա, վերլուծե՞լ եք:

-Չեմ ցանկանում ուղիղ կապ տեսնել այս ամենի մեջ եւ իրականում չեմ տեսնում: Խիստ կմտահոգվեմ, եթե նման փաստ հաստատվի, շատ ծանր հետեւանքներ կառաջանան: Գտնում եմ՝ անթույլատրելի է, դատապարտելի է դատարանի նկատմամբ գնդակ արձակելը:Եթե նման բան լինի, ապա ամենախիստ արձագանքն է պետք տալ այդ երեւույթներին:

-Որպես ԲԴԽ նախագահ՝Դուք այս դեպքի բացահայտման ու կանխման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք անում:

-Մենք դեռ սպասում ենք հետաքննության ավարտին եւ որեւէ կոնկրետ քայլ չենք նախաձեռնում: Չենք նախաձեռնում, քանի որ չունենք նման տեղեկություն եւ վստահ չենք, որ սա դատարանի ուղղությամբ արձակված գնդակ է: Եթե հակառակը պարզվի, ապա մեր արձագանքը կլինի անհապաղ եւ ամենախիստը:

-Հետաքննության արդյունքներին սպասելով՝ չե՞ք կարծում, որ դատավորների անվտանգությունն եք հարվածի տակ դնում:Միգուցե, սպասելով իրավապահների արդյունքներին, հետեւանքները ծանր լինեն:

-Եթե դատավորները մեզ դիմում են իրենց անվտանգությունը ապահովելու համար, մենք միանշանակ այդ անվտանգությունը ապահովում ենք:

-Դատավոր Գրիգորյանը դեպքից հետո դիմե՞լ է իր անվտանգությունը պահպանելու խնդրանքով:

-Ոչ, չի դիմել, եւ դատավոր Գրիգորյանը ինքը չունի այն մտավախությունը, որ դա միտումնավոր արձակված կրակոց է: Հարգելի՛ կոլեգաներ, եթե կզգաք մի երեւույթ, որը կարող է վնասել ձեր անվտանգությանը, անպայման մեզ տեղյակ պահեք, որ մենք կարողանանք ապահովել ձեր անվտանգությունը, եւ մի՛ կասկածեք, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայի ձեր անվտանգությունը ապահովելու համար: Ինչ վերաբերում է մեր հասարակությանը, հնարավորինս հեռո՛ւ մնացեք դատարաններից եւ մի՛ փորձեք Ձեր վրդովմունքը արտահատել որեւէ միջամտությամբ դատարանի կամ դատավորի նկատմամբ. արձագանքը լինելու է խիստ եւ անհապաղ:

Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորի առանձնասենյակի պատուհանի ուղղությամբ կրակոցի դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով (Ապօրինի զենք):

Քնար Մանուկյան




Լրահոս