Ինչու է Վաղարշ Աբրահամյանը հիշել Գագիկ Բեգլարյանին. կաշառքի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա վերջին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում, ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ: Բանն այնն է, որ ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել «Վաղարշ եւ որդիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր Վաղարշ Աբրահամյանը՝ ժողովրդին հայտնի Ոսկու Վաղարշ մականունով՝ «Ոսկու շուկա»-ի սեփականատերը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Աբրահամյանը ԱԱԾ-ին հայտնել է, որ իր ընկերությունը Բեգլարյանին կաշառք է տվել:

«Ժողովուրդ» օրաթերթը գնաց հրապարակման հետքերով՝ հասկանալու համար, թե ինչ կաշառքի մասին է խոսքը: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Բեգլարյանը իր՝ քաղաքապետ աշխատած տարիներին մի խումբ գործարարների, որոնց մեջ եղել է նաեւ Վաղարշ Աբրահամյանը, հորդորել է Երեւան քաղաքի դպրոցներից մեկը նորոգել, մյուսին՝ մանկապարտեզի նորոգումն է բաժին հասել, մեկ այլ գործարար տոնածառ է գնել եւ այլն: Ասել է թե՝ Երեւան քաղաքի համար այս կամ այն աշխատանքն են իրականացնել: Եվ, ահա, Վաղարշ Աբրահամյանը, որը, ըստ տեղեկությունների, «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակա հրապարակի համար տոնածառ է գնել՝ իր զարդարանքներով, որոշել է հետհեղափոխական Հայաստանում բողոքել իրավապահներին, որպեսզի Երեւանի նախկին քաղաքապետին պատժեն: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ գումարը այն տոնածառի, որ Վաղարշ Աբրահամյանը գնել է, չի տվել Երեւանի քաղաքապետարանին, այլ փոխանցել է այն ընկերությանը, որից գնել է այդ տոնածառը:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել Վաղարշ Աբրահամյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց նրա որդին եւ հայտնեց , որ հայրը երկրում չէ, չի կարող ասել, թե որ երկրում է, եւ, առհասարակ, իր մոտ հեռախոս չի պահում, բառի ուղիղ իմաստով՝ անհասանելի է:

Մեր այն պնդմանը, թե ինչու է իր հայրը հիմա որոշել տարիներ առաջ իր հետ կատարվածի մասին պատմել իրավապահներին, վերջինիս որդին ասաց , որ ոչինչ ասել չի կարող: Այսպիսով, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել՝ Վաղարշ Աբրահամյանն ինչու է հիմա հիշել Գագիկ Բեգլարյանին, ու ինչու է իր դիմումից հետո անհետ հեռացել երկրից:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ կաշառքի պատմություն է: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ ժամանակին իր շատ գործարար ընկերների է խնդրել Երեւանի համար այս կամ այն աշխատանքը իրականացնել. «Բոլորը սիրով արել են: Եղել են մարդիկ, որ դա արել են դժկամությամբ, բայց մեկ է, արել են: Իմ խնդիրը եղել է քաղաքը կառուցելը եւ ամեն ինչ անելը մեր Երեւան քաղաքի համար, ինչին եւ հասել եմ: Մարդիկ մանկապարտեզ են նորոգել, դպրոցներ են նորոգել, գույք են գնել քաղաքի համար, ու դա համարել կաշառք, ծիծաղելի է:

Եթե այդպես լինի, ապա իմ ընկեր Սամվել Կարապետյանը պետք է գնա բողոքի, որ ես իրեն ասել եմ, որ այս կամ այն համայնքի համար տոնածառ գնի կամ որեւէ ծրագիր իրականացնի, կամ Սամվել Ալեքսանյանը գնա բողոքի, որ իրեն ասել եմ՝ Մալաթիա վարչական շրջանի համար տոնածառ գնի, որը մինչեւ հիմա դրվում է ամեն տարի: Կամ հազար գործ են արել մարդիկ քաղաքի համար: Հիմա պետք է բոլորը գնան կաշառքի մասին բողոք ներկայացնե՞ն. սա աբսուրդ է»:

Այսպիսով, եթե համեմատենք դեպքերը, ըստ էության, Երեւանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանն էլ գործարարներից Երեւան քաղաքի համար «կամազներ» նվեր ստացավ: Ըստ էության, գործելաոճը նույնն է:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքապետարանի՝«կամազների» ձեռքբերման գործարքում խախտում չհայտնաբերեց, ասել է թե՝ հանցակազմ չտեսավ, ինչը, թերեւս, սպասվում է նաեւ Գագիկ Բեգլարյանի տոնածառների դեպքում:

Քնար Մանուկյան




Լրահոս