2020թ. փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ, ձյան սողանքի հետևանքով, պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանի, Տիգրան Արմենի Արզումանյանի, Նվեր Տիգրանի Շահբազյանի մահվան և Համլետ Գրենիկի Միրզոյանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով /Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Երեկ ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը: