Չնայած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով պետք է գործեն «ԱՅՈ»-ի եւ «ՈՉ»-ի շտաբներ, սակայն այս պահի դրությամբ վերջինիս ճակատագիրը դեռեւս մշուշոտ է: Մասնավորապես, օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով կարող է գործել մեկ «ԱՅՈ» եւ մեկ «ՈՉ» քարոզչության կողմ: Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են քարոզչություն իրականացնել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերին միանալու միջոցով կամ առանձին: «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերին չմիացած անձինք կարող են իրականացնել հանրաքվեի դրված հարցին «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկելու, ինչպես նաև քվեարկությունից ձեռնպահ մնալուն ուղղված քարոզչություն»:
Դրան զուգահեռ նույն հոդվածի 7-րդ կետն էլ սահմանում է. ««ՈՉ» քարոզչության կողմ կարող են ձեւավորել համապատասխանաբար հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված օրենքի նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորները»: Այսինքն՝ ստացվում է, որ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները պետք է լինեն խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները: Սակայն ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ արդեն իսկ հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են մնում եւ չեն մասնակցելու քարոզչությանը: «Մենք որեւէ ճամբարում մեզ չենք տեսնում, մեր ունեցած գործիքակազմը ծայրից ծայր օգտագործելու ենք եւ պատրաստ ենք ՍԴ դիմել, եթե լինեն ստորագրություններ: Մյուս ուժերին էլ կոչ ենք անում չմտնել ատելության պատերազմի մեջ»,- նշեց Մարուքյանը:
Եվ չնայած խորհրդարանական մյուս ընդդիմադիր ԲՀԿ խմբակցությունը որոշել է չմիանալ իրենց ընդդիմադիր գործընկերներին եւ չդիմել Սահմանադրական դատարան, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ, ամեն դեպքում, այս կուսակցությունը մասնակցի «Ոչ»-ի քարոզարշավին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթացքում ԲՀԿ-ն ակտիվ քննարկումների մեջ է, սակայն որոշել են մինչեւ այս շաբաթվա վերջ սպասել, հասկանալ՝ ինչ իրավիճակ է «Ոչ»-ի ճամբարում, եւ վերջնական որոշում կայացնել: Ամեն դեպքում, մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ չի բացառվում՝ հենց նրանք էլ ձեւավորեն «Ոչ»-ի ճամբարի մի կողմը:
Սակայն «Հանրաքվեի մասին» նույն օրենքը հնարավորություն է տալիս ձեւավորել «Ոչ»-ի ճամբար նաեւ արտախորհրդարանական ուժերից հստակ կանոններով: Մասնավորապես, օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ կետը սահմանում է. «Սույն հոդվածի 7-րդ մասում նշված սուբյեկտների կողմից հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակումից հետո` յոթնօրյա ժամկետում, որպես «ՈՉ» քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձեւավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը»: Այսինքն՝ եթե ձեւավորվի այլընտրանքային շտաբ, ապա այն պետք է բաղկացած լինի առնվազն 50 քաղաքացիներից:
Եվ այստեղ հետաքրքիր է, որ, կարծես թե, արտախորհրդարանական ուժերը կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւս չեն շտապում ձեւավորել այն: Մասնավորապես, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հասցեագրված դիմումի տակ ստորագրողների հետ չեն քննարկել նման հարց եւ, ըստ էության, չեն էլ ցանկանում նման գործընթաց սկսել: Իսկ, ահա, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը նույն հարցի առնչությամբ մեզ հետ զրույցում նշեց. «Ես չեմ ունեցել նման քննարկում»: Հետո նա հավելեց. «Ցանկությունները նույնպես պետք է ձեւավորվեն քննարկումների արդյունքում»: Եվ հետաքրքիր է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից զատ արտախորհրդարանական ուժերը եւս ակտիվ չեն լինելու այս հարցում:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ հանդիսացող ՀՀԿ-ն որոշել է չեզոք մնալ եւ չմասնակցել քարոզարշավին: Այսինքն՝ երբեմնի իշխանական ուժը «Ոչ»-ի քարոզարշավին չի մասնակցելու: Այս առնչությամբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր. «Որեւէ որոշում եւ քննարկում չկա դեռ: Բնականաբար, «Այո»-ի շտաբում չենք կարող լինել, իսկ «Ոչ»-ի հետ կապված էլ կքննարկենք եւ կասենք»: Այստեղ մի հետաքրքիր նրբություն եւս թաքնված է. ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար անհրաժեշտ է 4 հազար հոգի, որոնք պետք է ունենան հանձնաժողովի անդամի լիցենզիա: Եվ ուշագրավն այն է, որ այդքան լիցենզիա ունեն հիմնականում այնպիսի մարդիկ, որոնք նախորդ խորհրդարանական կամ այլ ընտրությունների ժամանակ եղել են հանձնաժողովների անդամներ, այսինքն՝ ըստ էության, նույն ՀՀԿ-ականները:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս առումով չեզոքություն է պահպանելու եւ քարոզարշավին չի մասնակցելու նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, սակայն նա նշեց, թե չի քննարկել այդ հարցը պարոն Քոչարյանի հետ եւ չի կարող պատասխանել մեր հարցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին բուռն քննարկումներ են նաեւ «Դաշնակցությունում»: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ՀՅԴ բյուրոյի անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ «Այո»-ի շտաբում լինելը բացառվում է, իսկ այլ հարցերի պատասխաններ պարզ կդառնան առաջիկա օրերին:
Եվ այս ամենին զուգահեռ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ չի լինելու: Երեկ արդեն «Հայ ազգային կոնգրեսը» հայտարարություն էր տարածել, որ իրենք կողմ են Ազգային ժողովի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը եւ ակտիվորեն մասնակցելու են հանրաքվեին:
Այս ամենից զատ՝ հետաքրքիր իրավիճակ կարող է առաջանալ, եթե հանկարծ Սահմանադրական դատարանի դատավորները որոշեն օգտվել վաղ կենսաթոշակային համակարգից: Այսպիով, ի՞նչ է լինելու, եթե նախքան հանրաքվեն Սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորները հայտարարեն, որ դադարեցնում են պաշտոնավարումը։ Եվ ուշագրավ է, որ հանրաքվեի չեղարկում, ըստ էության, հնարավոր չէ: Եվ եթե դատավորները մինչեւ ժամկետի ավարտը՝ փետրվարի 27-ը, օգտվեն վաղաժամ կենսաթոշակի օրենքից, ապա հանրաքվեն չեղյալ կհայտարարվի։ Բայց եթե դրանից հետո ՍԴ դատավորներն ուղղակի հայտարարեն, որ դադարեցնում են պաշտոնավարումը, ապա հանրաքվեն պետք է տեղի ունենա։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆՈՐ ՄՈԴԵԼ
Երեկ հանրային քննարկման է դրվել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 գործողությունների ծրագիրը: Ըստ այդմ, 2021 թվականի առաջին կիսամյակում նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն: Այն իրականացվելու է ՀՀ արդարադատության նախարարության հետ միասին: Եվ այս փոփոխությունը ենթադրում է ինչպես օրենսդրության, այնպես էլ որոշ ներքին կառուցվածքային փոփոխություններ: Բացի այդ, ստեղծվելու է պարեկային ծառայություն, որը զբաղվելու է հասարակական կարգի պահպանությամբ եւ հասարակական անվտանգության ապահովմամբ, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմամբ, հետախուզվող հանցագործների, անհետ կորած անձանց եւ հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերմամբ: Բացի այդ, ծրագրով նախատեսվում է նոր պարեկային ոստիկանության ստեղծում, որի արդյունքում կրճատվելու են Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները։ Եվ այդ ծառայության կազմավորման ընդհանուր ժամանակացույցը ենթադրում է ոչ ավել, քան մինչեւ 2020թ.-ի վերջը: Տեղեկացանք նաեւ, որ նախատեսվում է մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի (ՕԿԿ) ստեղծում: Այն հանդիսանալու է իրավախախտումների եւ պատահարների վերաբերյալ հաղորդումներ ընդունող օպերատոր, որը, այդ հաղորդումների բնույթի վերլուծության հիման վրա, ապահովելու է նաեւ պարեկային ոստիկանության ուժերի եւ միջոցների կառավարումը:
ԳԱՂՏՆԱԼՍԵՑԻՆ
Ինչպես հայտնի է, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է: Ըստ ԱԱԾ-ի՝ նա շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ եւ ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ Եվ, ահա, Վերմիշյանի գործով անցնում է Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որը գրավի դիմաց ազատ է արձակվել: Ըստ լուրերի՝ նա բավականին լուրջ շինարարական աշխատանքներով է զբաղված եւ Վերմիշյանին կաշառք տվողներից մեկն է եղել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները Ֆարխոյանի մասով բացահայտումը իրականացրել են նրան գաղտնալսելով: Ի դեպ, Ֆարխոյանը երկար տարիներ աշխատել է դատախազությունում, համարվել է Աղվան Հովսեփյանի կադրը, ու երբ Աղվան Հովսեփյանը ստեղծեց ՀՀ քննչական կոմիտեն, իր հետ տարել է ֆարխոյանին, սակայն Հայկ Գրիգորյանը երբ դարձավ ՔԿ նախագահ, Ֆարխոյանը հեռացավ կոմիտեից:
ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ
Երեկ ԱԺ նիստում «Հողի հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում օրինագծի համահեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Արգիշտի Մեխակյանը հայտարարել է, որ օրենսդրական նախաձեռնությունն առաջարկում է պարտադիր դարձնել հողի հարկի վճարումը մինչեւ կոնկրետ ամսում տվյալ սեփականության լիարժեք վաճառքը: Նրա խոսքով՝ գործող օրենսդրության համաձայն՝ վաճառողը, որը վաճառքից առաջ չի վճարել հողի հարկը եւ իր սեփականությունը փոխանցել է նոր գնորդին, պարտավոր չէ վերջինիս ծանուցել չվճարված հարկերի եւ պարտքերի մասին: «Օտարման մասին պայմանագրում հաճախ չի նշվում, որ հողային հարկով պարտավորությունները փոխանցվում են նոր սեփականատիրոջը»,- նշել է Ա. Մեխակյանը:
1 ՏՈԿՈՍ
Կառավարության ծրագրի նպատակն է մինչեւ 2023թ. վերացնել աղքատությունն ու նվազեցնել աղքատության մասշտաբները: Այս մասին ԱԺ նիստում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի փաթեթի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը՝ ի դեմս իր գերատեսչությունների, ձգտում է մեկ գրասենյակում բնակչության սոցիալական պահանջների գնահատման միասնական համակարգ ստեղծել, որը կմիավորի տարբեր կառույցների գործողություններն ու կնվազեցնի բյուրոկրատական քաշքշուկները, իսկ շահառուներին կտրամադրի բարձրորակ ծառայություններ: Փոխնախարարի խոսքով՝ 2018թ. ՀՀ-ում ծայրահեղ աղքատությունը կազմել է 1%՝ 30 հազար մարդ, իսկ աղքատությունը կազմել է 23,5%: