Հայտնաբերվել է առանց մաքսային ձևակերպման մոտ 12 տոննա ավտոյուղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են պետական ծառայության և տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության դեպքեր։

Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես՝ օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ բեռնատար ավտոմեքենայով, առանց մաքսային ձևակերպման, կազմակերպվում է Վրաստանից Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչի յուղի ներմուծում։

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Դրանց ընթացքում քաղաքացի Ա․Տ.-ի վարած բեռնատար ավտոմեքենան, գտնվելով օպերատիվ վերահսկողության ներքո, փետրվարի 26-ին մուտք է գործել ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, ենթարկվել կշռման ու կայանվել մաքսային հսկողության գոտում։ Երեք օր անց բեռնատարն, առանց մաքսային ձևակերպումներ ստանալու, անարգել դուրս է եկել մաքսային կետ-բաժնի տարածքից, ուղևորվել Տավուշի մարզի Այրում քաղաք, որտեղ սակայն ավտոմեքենայի հետագա շարժը կանխվել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից:

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Ավտոմեքենայի բեռնախցիկի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 12 տոննա շարժիչային և կոմպրեսորային յուղ։ Միաժամանակ վարորդի խցում գտնվող թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 130 անվանում դեղամիջոց։ Բեռնատարը և ապրանքներն առգրավվել են։

Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։




Լրահոս