Հարց քաղաքացիներից՝ եթե անձն ունի առողջական խնդիրներ, ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել, որպեսզի նա ձեռք բերի հաշմանդամության կարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձն ունի առողջական խնդիրներ, ապա ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել, որպեսզի նա ձեռք բերի հաշմանդամության կարգ: Ուզում եմ իմանալ՝ ինչի հիման վրա է իրականացվում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը:

Ստելլա Դանիելյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Դանիելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բժշկասոցիալական փորձաքննությունը իրականացվում է հանձնաժողովի նախագահին ներկայացված՝ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն օրինական ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաեւ իր անձնագիրը:

Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաեւ բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը (088 ձեւ): Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ անձին հաշմանդամության կարգ տրամադրում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓ) կառուցվածքային ստորաբաժանումները (փորձաքննական բաժին, վերականգնողական ծրագրերի բաժին) եւ տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները (ԲՍՓՀ):

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս