«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժած Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ մոտ օրերս այցելել է վերջինիս եւ կարող է միայն ասել, որ Արթուր Թորոսյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում հունվարի 23-ին կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին՝ ժամը 14.40-ին, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է: Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր:
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը վնասազերծվել էր եւ տեղափոխվել ոստիկանություն: Միջադեպի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի («Պատանդ վերցնելը») 2 մասի3-րդ եւ 7-րդ կետերով, 235-րդ («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը») հատկանիշներով: