Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեսչական մարմնի գործառույթներին, Հայաստանում սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացին վերաբերող հարցերի: Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության ոլորտները:
Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախագահը կարևորել է վերահսկողության մեծացումը սննդի անվտանգության և սննդի օբյեկտների սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ:
Որպես առաջնահերթություն դիտարկելով երկրի պարենային անվտանգության խնդիրը՝ նախագահն այդ համատեքստում շատ էական է համարել Հայաստանը սննդի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գաղափարը և այդ ուղղությամբ մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ իր շարունակական քննարկումները: