Խոչընդոտում են ներդրողների մուտքը ՀՀ տնտեսություն. Վարչապետը մի բան խոստանում է, մյուս օղակներում չեն անում․«Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներդրումների պակասն ակնհայտ է բոլորիս համար, սակայն այն հատուկենտ պոտենցիալ ներդրողները, որոնք ուզում են ինչ-որ գործ սկսել Հայաստանում, բողոքում են իշխանությունների կողմից ըմբռնման, աջակցության բացակայությունից։

Ավելին՝ ասում են, որ տարբեր օղակներում ամեն կերպ խոչընդոտում են իրենց մուտքը Հայաստանի տնտեսություն։ Նրանցից մեկը, որը պատրաստվելիս է եղել քաղցկեղի բուժման ու ախտորոշման ժամանակակից սարքավորումներ բերել, այդպես էլ չի կարողացել Պետգույքի կառավարման կոմիտեի հետ լեզու գտնել եւ հողատարածք գնել՝ նշյալ կենտրոնի կառուցման համար։

Մեկ այլ նախագծով՝ սփյուռքի մեծահարուստները փորձել են նոր թաղամաս կառուցել՝ հյուրանոցային, զվարճանքային, սպորտային եւ այլ բաղկացուցիչներից կազմված մեծ համալիր, որտեղ մեծ թվով աշխատատեղեր կբացվեին, զբոսաշրջիկներ կգային, տեղական գյուղատնտեսությունը՝ որպես մատակարար, կզարգանար, սակայն մերոնք հրաժարվել են աջակցել նախագծին՝ մարզերից մեկում որեւէ անմշակ հողատարածք չտրամադրելով։

Սա էլ՝ դեռ ոչինչ․ բիզնեսմեններից մեկը մեզ պատմեց, որ կառավարության անդամներն ու կառույցները, իրենց տպավորությամբ, իրար հետ կապ չունեն, երբեմն էլ ուղղակի սաբոտաժի են ենթարկում Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Վարչապետը մի բան խոստանում է, բայց մյուս օղակներում դա չեն անում։

Ավելին՝ Փաշինյանը կարող է հենց ներդրողի հետ հանդիպման ժամանակ փորձել կապվել որեւէ նախարարի կամ փոխնախարարի հետ, սակայն տեւական ժամանակ վերջինս չարձագանքի, կամ ուղղակի չկարողանան նրան գտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս