Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր ԵՊՀ ռեկտորի թեկնածու Աշոտ Սաղյանի ուշագրավ կլանային կապերի, «հայրենասիրական» գործունեության վերաբերյալ: Մենք տեղեկացրել էինք, որ Սաղյանը կարողության տեր է ու արհեստավարժ գործունեություն է ծավալել, որի կոռուպցիոն բնույթի վերաբերյալ բացահայտումներ է արել նույնիսկ Պետական վերահսկողական ծառայությունը: Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ մարտի 23-ին ԵՊՀ-ում թեժ է լինելու, քանի որ սպասվում է ռեկտորի ընտրություն: Ըստ մեր տեղեկությունների` առաջադրված 5 թեկնածուները այդքան էլ իշխանությունների սրտով չեն, ինչի համար էլ, հնարավոր է, այդ օրը որեւէ թեկնածուի ներկայացված ծրագիր հավանության չարժանանա, ռեկտոր ոչ ոք չընտրվի, եւ տապալվի գործընթացը:
Նշել էինք, որ ԵՊՀ ռեկտորի համար առաջադրվել է նաեւ Աշոտ Սաղյանը՝ քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից): Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի թեկնածու Աշոտ Սաղյանի հետ` պարզելու համար այն տեղեկությունների հավաստիությունը, որը շրջանառվում է այս օրերին:
-Պարո՛ն Սաղյան, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից առաջադրվել եք՝ որպես ԵՊՀ ռեկտորի թեկնածու, ի՞նչ ակնկալիքներ ունեք, արդյոք վստա՞հ եք, որ ԵՊՀ խորհուրդը Ձեզ է ընտրելու որպես ռեկտոր:
-Ինձ առաջադրել է ֆարմացիայի ինստիտուտի խորհուրդը, ես ոչ մի ակնկալիք չունեմ:
-Բայց, ըստ Ձեզ, ԵՊՀ ռեկտորի համար «ուժե՞ղ» թեկնածու եք, Ձեր ծրագրերը արդյոք լա՞վն են, որի համար Ձեզ պետք է խորհուրդը ընտրի ռեկտոր: 5 թեկնածու է առաջադրվել. ո՞ւմ եք Ձեզ մրցակից համարում այս պայքարում:
-Գիտեք ինչ, չեմ կարող այդ հարցին պատասխանել, բոլորն էլ արժանի են, իսկ իմ հետ կապված ես չեմ կարող ոչ մի բան ասել:
-Նպատակ կա ԵՊՀ-ն ամբողջությամբ ենթարկել կրթական հեղափոխության, արդյոք վստա՞հ եք, որ Ձեր ներկայացրած ծրագիրը այդ փոփոխությունն իրականացնելու է, ու ԵՊՀ-ն կրթական մասով ենթարկվելու է լուրջ փոփոխությունների:
-Ես ներկայացրել եմ նորմալ ծրագիր, որը կառուցվածքային, բովանդակային փոփոխություններ պետք է կատարեն, որոնք պետք է նպաստեն բոլոր գործառույթների փոփոխությանը՝ ե՛ւ կրթական, ե՛ւ միջազգային, ե՛ւ կրթության ու գիտության, եւ այլն, բոլոր ոլորտների հետ կապված: Ներկայացրել եմ, առաջիկայում կտեսնեք, հետագայում կիմանաք:
-Կարծում եք՝ Դո՞ւք եք ընտրվելու ԵՊՀ ռեկտոր:
-Չեմ կարող ասել, ես նոււյնիսկ այնքան ծանրաբեռնված եմ իմ գիտական հետազոտություններով, գիտական աշխատանքներով, ես ինչի որ հասել եմ, հասել եմ իմ գիտական արդյունքներով, նույնիսկ տարակուսանքներով եմ թղթերս հանձնել: Եւ ես չգիտեմ, միչեւ վերջ կարող է չմնամ, կարող է թողնեմ դուրս գամ: Ծանրաբեռնված եմ շատ, ես ունեմ պլաններ, գիտական խորհուրդը երբ ինձ ներկայացրել էր, ես բավականին երկար մտածել եմ, ես մտածում էի մասնակցել, թե չմասնակցել, այնպես որ, սա պաշտոնի ձգտում չի: Ես ունեմ բավականին լավ պաշտոն, ինձ համար սիրված գործ, թե ինչ կլինի մյուս շաբաթ, պարզ կլինի:
-Հնարավո՞ր է՝ չմասնակցեք ու հետ վերցնեք Ձեր դիմումը:
-Չեմ կարող ասել, ես մի հատ միջազգային ծրագիր եմ շահել, մեծ ծրագիր է, երկու ծրագիր հիմա ունեմ, ղեկավարում եմ, եւս մեկ ծրագիր ենք շահում, որը պետք է սկսի գործել: Եթե դա հաստատվի, պետք է հասկանամ, թե ինչ եմ անելու:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Պետական վերահսկողական ծառայությունը Ձեր հարստության հետ կապված կոռուպցիոն բնույթի բացահայտումներ է իրականացրել: Խնդրում եմ նշեք, թե ինչ բացահայտումների մասին է խոսքը, ինչպես է դա տեղի ունեցել:
-Դրանք իրականությանը չեն համապատասխանում, որոշակի դիտարկումներ են իրենք գրել, համապատասխան բացատրություններ են գրել, եւ դրանից հետո որեւէ այլ հարց չի եղել:
-Ի՞նչ դիտարկումների մասին է խոսքը, Դուք համակարծիք չե՞ք ներկայացված դիտարկումների հետ:
-Եղել են որոշակի բնութագրերի անհամապատասխանություն, դրա մասին մենք բացատրություն ենք գրել, դրանից հետո մեզ ոչ մի բանով չեն դիմել:
-Պարո՛ն Սաղյան, պարբերաբար նշվում է նաեւ, որ Դուք ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ եք, Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի մտերիմը, ու, կարելի է ասել, Արցախում են սատարում, որ հենց Դուք դառնաք ԵՊՀ ռեկտորը: Ի՞նչ փոխհարաբերություններ ունեք Բարսեղ Բեգլարյանի հետ ու, ընդհանրապես, ղարաբաղյան կլանի հետ:
-Ես ոչ մեկի հետ բարեկամական կապեր չունեմ, Բարսեղ Բեգլարյանին ուղղակի ճանաչում եմ, տարբեր միջոցառումներ են եղել, մասնակցել ենք միասին, ընկերական, առավել եւս բարեկամական կապ ես չունեմ իր հետ:
-Տեղեկություններ կան, որ ԿԳՄՍ նախարարը եւս Ձեր թիկունքին է, ու նաեւ տեղեկություններ կան, որ ժամանակին Ձեզ աշխատանքից ազատել են ուսանողների հետ կոռուպցիոն գործարքի գնալու համար:
-Սուտ տեղեկություն է, կյանքում կաշառք չեմ վերցրել, իմ կենսագրությանը ծանոթացե՛ք ու իմացե՛ք՝ ես ով եմ, նման տեղեկությունը իրականության հետ կապ չունի:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՐՅԱՆԸ
ԲՈԼՈՐԸ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուսի թեմայով տեղի ունեցած նիստը այնքան էլ հարթ չի եղել: Վարչապետը խիստ տոնով է խոսել ու հայտարարել, որ Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավարներն են մեղավոր կորոնավիրուսի տարածման համար:
Մեր տեղեկությունների համաձայն՝ նախ վարչապետը հորդորել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ներկայացնել տիրող իրավիճակը, վտանգները: Թորոսյանը ներկայացրել է իրենց կատարած քայլերը, խոսել այն մասին, թե ինչ են արել մինչեւ հիմա վիրուսի կանխարգելման մասով: Նշենք, որ արտահերթ նիստին ներկա են գտնվել դեռեւս հունվարի 30-ին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչները` հանձնաժողովի ղեկավար Տիգրան Ավինյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, առողջապահության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեվազյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավարը, ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգողը, իրավապահ համակարգի ղեկավարները:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետը բոլորին հորդորել է զգոն լինել, ավելի հստակ քայլերի դիմել, մեկուսացումներ իրականացնել ու ղեկավարած գերատեսչությունում արտակարգ դրությամբ հետեւել մարդկանց հիգիենային: Արձակուրդը հրատապ չեղարկած ու աշխատանքի ներկայացած վարչապետը նշել է, որ ամեն րոպե իրեն զեկուցեն ստեղծված իրավիճակի մասին: Ինչպես միշտ, պետական ողջ համակարգը, ինքնուրույն աշխատելու փոխարեն, նայում է Փաշինյանի դեմքին՝ ինչ հրահանգ կտա, որ գործ անեն: Զերո ինքնուրույնություն եւ զերո նախաձեռնողականություն: Այնպիսի տպավորություն է, որ միայն Նիկոլ Փաշինյանն է գործադիրում աշխատում ե՛ւ նախարարների, ե՛ւ վարչության պետերի, ե՛ւ լրատվական ծառայությունների ու այլ գերատեսչությունների փոխարեն:
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԽՆԴԻՐՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանության նախկին պաշտոնատար անձանցից մեկը, որը «Մարտի 1»-ի գործով վկա է եղել եւ դեռեւս 2008 թվականին հարցաքննվել է ՀՔԾ-ի կողմից, «Զվարթնոց» օդանավակայանում խնդիրներ է ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության զորքերի նախկին պաշտոնատար անձը «Զվարթնոց» օդանավակայանից ցանկացել է գնալ Եվրոպական երկիր , սակայն նրան բացատրել են, որ ինքը չի կարող լքել երկիրը: Պաշտոնատար անձը ասել է, թե երկիրը լքում է, քանի որ հրավեր է ստացել տոնական միջոցառման մասնակցելու: Սակայն վերջնիս բացատրել են, որ չի կարող լքել երկիրը, վկա է «Մարտի 1»-ի գործով: Ոստիկանության զորքերի գեներալ – լետենատը իրավապահներին բացատրել է, որ ինքը մեկնում է երկրից վերադառնալու նպատակով, եւ, առհասարակ, իրեն որեւէ հիմք չունեն թույլ չտալու լքել երկիրը: Եվ, ահա, երկար բացատրություններից եւ բանակցություններից հետո ոստիկանության պաշտոնյային թույլ են տվել դուրս գալ երկրից: Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանության զորքերի գեներալը արդեն վերադարձել է Հայաստան: Դատելով իրավիճակից՝ նախաքննական մարմինը «Մարտի 1»-ի գործով անցնող վկաներին եւս պահում է իր տեսադաշտում:
ԳԱԶԸ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍ
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ շարունակում են քննարկումները գազի սակագնի վերանայման հարցի շուրջ, ապա նշեցին, որ չի բացառվում, որ հայտով կդիմեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Հիշեցնենք՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ պայմանավորվածություն կա՝ մինչեւ ապրիլի 1-ը հայաստանյան սպառողների համար գազի սակագինը չի փոխվի: Այսինքն՝ ըստ փոխվարչապետի՝ մինչեւ այդ ժամկետը «Գազպրոմ Արմենիան»-ն հայտ չի ներկայացնի: Բայց, մյուս կողմից, արձանագրենք, որ ընկերությունը մինչեւ ապրիլի 1-ը հայտ չի ներկայացրել ՀԾԿՀ, իսկ եթե ապրիլի 1-ից հետո դիմի, ապա դա նշանակում է, որ գազի սակագնի փոփոխություն հնարավոր չէ՝ լինի մինչեւ հուլիս կամ օգոստոս ամիսները: