Ձերբակալվածն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում․ Գեղարքունիքում տեղի ունեցած սպանության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին՝ Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Նորք 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանի դին։

Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ սպանության լուրի մասին լսել է միայն առավոտյան։

«Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեր գյուղի բնակիչ 32-ամյա Արթուր Կիրակոսյանը, իսկ սպանվածին չենք ճանաչում մեր գյուղի բնակիչ չէ։ Արթուրն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի՝ Շորժա կայարանում, որպես հերթապահ, ամուսնացած է, ունի երկու երեխա, հայր, մայր։ Ադեկվատ, շատ նորմալ երիտասարդ է»,-նշեց համայնքի ղեկավարը։

Ըստ մեր զրուցակցի ՝ գիշերը տեղի ունեցած սպանության պատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։

«Դեպքը տեղի է ունեցել գիշերը, իսկ առավոտյան արդեն բոլորին հավաքել տարել էին ոստիկանություն, անգամ իր ծնողները չգիտեն, թե ինչ է պատահել, ինչու է կրակել, ոնց են իրար հանդիպել։ Մենք էլ ենք սպասում։ Արթուրի հետ գյուղից մի քանի հոգու ևս բերման են ենթարկել ոստիկանություն` որպես վկա»,-հավելեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Լիդա Եղիազարյան




Լրահոս