Կուրթանեցի Մեխակը շուտով նոր տուն կունենա. ո՞վ է տան գնորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կուրթանեցի Մեխակը շուտով նոր տուն կունենա: Տունը գտնվում է Կուրթանում: Ըստ մեր տեղեկությունների` երիտասարդին տունը հատկացրել է ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը: Տեղեկությունը հաստատելու համար կապ հաստատեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ:

Վերջինս անակնկալի եկավ այն հարցից, որ իր նախաձեռնությամբ բնակարան կհատկացնեն Կուրթանեցի Մեխակին:

Բանն այն է, որ պատգամավորը խնդրել է, որպեսզի այդ ամենի մասին չբարձրաձայնվի: Բայց քանի որ հարցը հանրային հնչեղություն է ստացել, պատգամավորը Armlur.am-ի հետ զրույցում հաստատեց Մեխակին բնակարան հատկացնելու մասին լուրը:

«Այս պահին բնակարանում ընթանում են սանհանգույցի վերանորոգման աշխատանքները, որից հետո այն կհանձնենք Մեխակին: Առաջիկայում ամեն ինչի մասին կտեղեկանաք»,-եզրափակեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Մեխակ Առաքելյանը Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել՝ օգնել տուն ունենալու հարցում: Վարչապետը հանդիմանել էր՝ նկատելով, որ առողջ տղամարդն ինքը պետք է իր ընտանիքի խնդիրը լուծի: Մինչդեռ Մեխակը չէր հասցրել ասել, որ առողջ չի ու անգամ ողնաշարի լուրջ խնդիրներով գյուղում ուրիշների հողն է մշակում՝ հացի խնդիրը լուծելու համար: Ավելի ուշ՝ քաղաքացու խնդիրների մասին տեղեկանալուց հետո, վարչապետը հրապարակայնորեն ներողություն էր խնդրել Մեխակ Առաքելյանից:




Լրահոս