Հանձնաժողովում փորձել են պարզել՝ Սերժ Սարգսյանը ստել է, թե ոչ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, երեկ տեղի է ունեցել ԱԺ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։ Գրել էինք, որ մինչ հանձնաժողովի գործողության ժամկետի ավարտը, կլսեն ՊԲ ներկայացուցիչներին։ Եվ ահա երեկ հանձնաժողովի դռնփակ նիստին մասնակցում էր Արցախի պաշտպանության նախկին նախարար, այժմ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը: Նկատենք, որ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մնացականյանը նշել է, թե ՝ իրենց հաշվարկով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է մինչև 400 հեկտար: Հիշո՞ւմ եք` ապրիլյան պատերազմից հետո նախկին նախագահ Սերժ Սարգսյանը եւս խոսել էր 800 հեկտարի կորստի մասին, սակայն վերջերս խմբագրեց իր ասածը` հայտարարելով 400 հեկտարի մասին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նիստի ընթացքում այս հարցը գլխավորներից մեկն է եղել եւ հանձնաժողովի անդամները փորձել են և ցանկացել են հենց նախկին նախարարից իմանալ՝ ի վերջո կորուստը քանի հեկտար է եղել եւ արդյոք Սերժ Սարգսյանը ստել է։ Ընդ որում, նրանք Մնացականյանին հիմնականում տվել են այն հարցերը, որոնք պետք է տային ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, սակայն չեն կարողացել։ Այս անգամ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստն այնքան էլ երկար չի տևել, ինչպես օրինակ Սերժ Սարգսյանի ժամանակ, սակայն կրկին բավական ակտիվ է անցել և յուրաքանչյուր պատգամավոր մի քանի հարց է տվել նախկին նախարարին։ Իսկ Մնացականյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հիմնականում պատմել է այն, ինչ 5-րդ հեռուստաալիքի նկարահանած հայտնի ֆիլմում է ասել:
Նկատենք, որ շուտով հանձնաժողովի աշխատանքներն ավարտվելու են եւ մինչեւ այդ կփորձեն լսել ՊԲ ևս երեք ներկայացուցչի հետ։ Չի բացառվում հրավիրվի նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս