Ուշագրավ միջադեպ Իջևանում. լինգով մտել են համայնքապետարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արման Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 09:00-ի սահմաններում, մուտք է գործել Իջևանի համայնքապետարանի վարչական շենք, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել համայնքապետարանի աշխատակիցների նկատմամբ, հայտարարել, որ այլևս համայնքի ղեկավարն ինքն է, որից հետո ձեռքին եղած լինգով հարվածել համայնքապետի աշխատասենյակի մուտքի դռանը՝ վնասելով այն և այդպիսով խաթարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը: Այս գործով նախաքննությունը ավարտվել է եւ գործը մտել է դատարան: Հիշեցնենք, որ 1988թ. ծնված Արման Մանուկյանը Իջեւանի Անկախության փողոցի թիվ 5 շենքի հարակից տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի եւ թույլտվության, ինքնակամ իրականացրել է բետոնապատման եւ մետաղական ցանկապատի տեղադրման աշխատանքներ:

Վարդան Ղալումյանը, հանդիսանալով Իջեւան համայնքի ղեկավար, իշխանության ներկայացուցիչ, ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձի` Արման Մանուկյանի նկատմամբ օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, իր իրավասության սահմաններում 2018թ. նոյեմբերի 29-ին վարչական վարույթ է հարուցել Ա. Մանուկյանի նկատմամբ եւ թիվ 100 կարգադրությամբ իր ենթակայության տակ գտնվող համապատասխան ծառայությանը հանձնարարել է կասեցնել ինքնակամ շինարարական աշխատանքները: Ա. Մանուկյանը, տեղյակ լինելով այդ կարգադրության մասին, 2018թ. նոյեմբերի 29-ին` ժամը 13:30-ի սահմանաներում, գնացել է Իջեւանի համայնքապետարան եւ համայնքի ղեկավար Վ. Ղալումյանի աշխատասենյակում, նրա վերոհիշյալ ծառայողական պարտականությունների հետ կապված, տվել է բռնություն գործադրելու սպառնալիք` ասելով, որ ինքը կկրակի եւ կսպանի` ցանկանալով այդկերպ նրան հարկադրել հրաժարվելու իր լիազորությունների իրականացումից:

Ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 37 հոդվածի 5-րդ կետով`Վարդան Ղալումյանը Իջեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնին կարգադրել է կասեցնել Ա. Մանուկյանի կողմից իրականացված ինքնակամ շինարարության աշխատանքները եւ ապահովել դրանց հետեւանքների վերացումը: Իջեւանի քաղաքապետարանը գրավոր դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին` քանդման աշխատանքների ընթացքում հասարակական կարգը պահպանելու համար: 2019թ. հուլիսի 9-ին Իջեւանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող Իջեւանի կոմունալ ծառայության աշխատողները կատարել են ինքնակամ կառույցի քանդումը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը 2019թ. օգոստոսի 30-ին վճռել է Արման Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել ազատազրկման 2 տարի, 6 ամիս ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` փորձաշրջան նշանակելով 2 տարի ժամկետով:

Քնար Մանուկյան




Լրահոս