Մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը շարունակում է բուռն քննարկման առարկա դառնալ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին հետևեց ծեծկռտուք՝ Սասուն Միքայելյանի հետ, որին միացան գրեթե բոլոր պատգամավորները, և երկար ժամանակ նրանց հանգստացնել չէր ստացվում։ Միջադեպի տեսագրությունն ուսումնասիրելիս հստակ երևում է, թե ով ինչպես է փորձում բաժանել միջադեպի մասնակիցներին, կամ էլ՝ հակառակը, օգտվելով առիթից, ավել հարվածներ հասցնում միմյանց։
Նախ առաջինը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն է մոտենում և կողքից հարվածում Էդմոն Մարուքյանին, որից հետո ԼՀԿ պատգամավոր, գյումրեցի Սարիկ Մինասյանը հրում է Արտակ Մանուկյանին։ Վերջինս վայր է ընկնում ու արագ կանգնում։ Դրանից հետո ԼՀԿ խմբակցության ղեկավարին է մոտենում իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վահե Ղալումյանը, հարվածում և, Էդմոն Մարուքյանի գլուխը բռնելով, քաշքշում նրան։ Դրան հետևում է ԼՀԿ խմբակցության պատգամավորներ Սարգիս Ալեքսանյանի և Մերուժան Ստեփանյանի կողմից Ղալումյանին հրելու գործընթացը, որի հետևանքով վերջինս ընկնում է գետնին։ Մի խումբ պատգամավորներ Ղալումյանին բարձրացնում են։
Դրանից հետո էլ կրքերը չեն հանդարտվում, բոլորը քաշքում են իրար, հրում․ նկատենք, որ երկու կողմերն էլ ակտիվ են, չեն զիջում միմյանց․ նաև ԼՀԿ—ական Հարություն Բաբայանն է ակտիվորեն բրդբրդում մյուսներին։ Երբ իրավիճակը փոքր ինչ հանդարտվել էր, և Էդմոն Մարուքյանը փորձում էր շարունակել իր կիսատ մնացած ելույթը, էլի կրքերը թեժացան․ նկատվում է իմքայլական պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ գլուխը բռնած նստած։ Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը , տեսնելով, որ իրավիճակը չի հանդարտվում, անկառավարելի է, ստիպված ընդմիջում է հայտարարում և ներս հրավիրում անվտանգության աշխատակիցներին։ Այդ ընթացքում ԱԺ ուղիղ եթերն անջատվում է, սակայն մյուս տեսախցիկների նկարահանումներից պարզ է դառնում, որ այդ ժամանակ վեճն ավելի է թեժանում և արդեն երկու տարբեր խմբերի միջև։
Կրկին աչքի է ընկնում Սարիկ Մինասյանը, Կարեն Սիմոնյանն ու Հարություն Բաբայանն՝ իմքայլական Վահե Հովհաննիսյանի և պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հետ, որոնց բախումը փորձում էին թույլ չտալ խմբված իմքայլականները։ Այդ ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փորձում է հանդարտեցնել Արարատ Միրզոյանին, որը անընդհատ աջուձախ էր շտապում շփոթված։
Համաձայնեք՝ իսկապես անցանկալի իրավիճակ էր։ Ու կրկին ամեն ինչ սկսվեց ատելության չափաբաժին պարունակող բառամթերքից՝ միմյանց նկատմամբ։ Ատելության, անվստահության մթնոլորտը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու։
Մանրամասները՝ տեսանյութում