Երբ կանանց հարցում հաջողակ ես, խճճվում ես ու չես հասկանում` ինչ է կատարվում. Աշոտ Տեր-Մաթևոսյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, ով այժմ նկարահանվում է «Ուրիշի հոգին», «Սահմանին» սերիալներում, անկեղծ զրույց է ունեցել «Ժողովուրդ»-ի հետ: Նա պատմել է, որ «ճիշտ տղայի» մարմնավորելուց մի փոքր հոգնել է եւ կուզենար խաղալ բացասական կերպարներ: Աշոտը խոսել է նաեւ կանանց հարցում հաջողակ լինելու թեմայի շուրջ` խոստովանելով, որ դա հարաբերական հաջողություն է, որն ունի նաեւ իր բացասական կողմերը:

1

-Աշո՛տ, որքանով տեղյակ ենք` չեք ծառայել հայոց բանակում: Այդ հանգամանքը չի՞ դժվարացնում Ձեր աշխատանքը «Սահմանին» սերիալում:

-Բանակում չեմ ծառայել, բայց երեւի շատ ծառայածներից ավելին գիտեմ եւ ավելին կարող եմ անել: Այս սերիալում ներկայանալու համար, բացի տեխնիկական հարցերին տիրապետելուց, անհրաժեշտ է նաեւ հոգեւոր պատրաստվածություն, ինչը ես ունեմ: Առհասարակ, բանակային կյանքի նկատմամբ հետաքրքրություն միշտ ունեմ, հաճախ քիթս խոթում եմ ռազմական գործերի մեջ: Նկարահանումների ժամանակ, իհարկե, ամեն րոպե հանդիպում ենք խոչընդոտների. բանակի կյանք է նկարագրվում, ու դու հասկանում ես ոչ միայն սահմանին կանգնած զինվորի ծառայության բարդությունը, այլեւ մեր հատուկ ծառայությունների տղաների, հետախույզների, հակադիվերսիոն հատուկ խմբերի անդամների ծառայության դժվարության աստիճանը:

-Առհասարակ, Դուք հեռուստասերիալներում մշտապես գլխավոր դերերում եք, «կինոյի սրտակեր տղա» լինելուց չե՞ք հոգնել:

-Իհարկե, կրկնությունը միշտ էլ հոգնեցնող է. ես կուզենայի, օրինակ, բացասական դերեր խաղալ: Սրտակերի, հերոսի, շատ ճիշտ տղայի կերպարը, այո, հոգնեցնող է: Ես փորձում եմ հնարավորինս տարբեր որակներ դնել իմ ամեն հերոսի մեջ, բայց ինձ համար հետաքրքիր կլինի ավելի բազմաշերտ կերպարներ մարմնավորել: Իսկ այդ դրական դերերի միջոցով անելու շատ բան չկա: Պարզապես մեզ մոտ սերիալների շուկան այնքան զարգացած չէ, որ ռեժիսորները ռիսկի դիմեն: Իրենց առջեւ կա կոնկրետ բյուջե, սցենար, կան դերասաններ, նրանք դրանցից շեղվելու իրավունք չունեն, ինչը հասկանալի է:

1619603_1394711274124347_391354059_n

-Միաժամանակ մի քանի սերիալում եք նկարահանվում, զբաղված եք թատրոնում: Հագեցած առօրյան, կարծես, կլանել է բոլորիս: Մեր դարի խնդիրներից մեկն իրար համար ժամանակ չունենալն է: Բայց բանը հասել է նրան, որ մենք ժամանակ չունենք անգամ ինքներս մեզ համար: Դուք Ձեզ հետ մենակ մնալու պահը գտնո՞ւմ եք:

-Ես մի քիչ հակված եմ մենակյաց կյանքին, երբ պետք է լինում, կարողանում եմ մենակ մնալ, եւ ոչ ոք չի կարող մտնել այդ անձնական շրջանակի մեջ: Կողքից քո կյանքի մասին տեղեկացված լինելու մարդկանց ցանկությունն, իհարկե, շատ մեծ է: Բայց այստեղ կա թույլ տալ-չտալու հարց:

-Դուք այն մարդկանցի՞ց եք, որոնք կարողանում են «պատ» դնել իրենց եւ շրջապատի մարդկանց միջեւ, կառավարել դեպի իրենց եկող էներգիաները:

-Միանշանակ, այո. էներգետիկ դաշտից չեմ դժգոհում: Եթե ուզենամ, կտամ մարդկանց էներգիա, եթե ուզենամ, կվերցնեմ կամ չեմ թողնի «ներս»: Այդ առումով շատ ուժեղ եմ:

2

-Կանանց հարցում Ձեզ հաջողակ համարո՞ւմ եք:

-Դա մի քիչ կախված է մարդու տեսակից, մի քիչ` էներգետիկ դաշտից, մի քիչ էլ` շարմից: Ես ինձ այդ առումով համարում եմ հաջողակ, բայց դա այդքան էլ լավ չի. այդ ժամանակ խճճվում ես ու չես հասկանում, թե ինչ է կատարվում: Դա ունի իր լավ եւ վատ կողմերը:

-Այսինքն` «հաջողակին» կարող է խանգարել այդ նույն «հաջողությունը»…

-Հաջողակ հասկացությունն այս դեպքում հարաբերական է: Անհաջողակը կարող է մեկին գտնել, բայց այդ մեկը դառնա նրա ամբողջ կյանքի ուղեկիցը, իսկ հաջողակի ընտրության հնարավորությունը մեծ է. դա դժվարացնում է գործը:

3

-Ձեր ամուսին տեսակը պատրա՞ստ է երկրորդ անգամ իր բախտը փորձելու, ընտանիք կազմելու…

-Դա պլանավորելով չի, նախ` դու դա պետք է ուզես, հետո` դա պետք է ստացվի: Զուգընկերուհուց էլ է շատ բան կախված: Նա պետք է այնպիսին լինի, որ դու ուզենաս իր հետ ընտանիք կազմել, ամբողջովին նվիրվել ընտանիքին: Ես ապագա ընտանիքս պատկերացնում եմ հարգանքի, փոխըմբռնման մթնոլորտում, երջանիկ ու թեթեւ…

Աննա Բաբաջանյան




Լրահոս