Արտառոց դեպք Արարատում. ինչու է կինը դանակահարել ամուսնուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մի քանի օրերի ընթացքում մեկը մյուսին հաջորդեցին ընտանեկան բռնությունների մասին ահազանգերը, որոնցից մեկն անգամ ողբերգությամբ ավարտվեց. ամուսինը սպանել էր կնոջը:
ՀՀ քննչական կոմիտեն վերջին երկու ամիսների ընթացքում պաշտոնական մի շարք հաղորդագրություններ է տարածել այն մասին, որ կինը հաղորդում է ներկայացրել, թե ինչպես է ամուսինը ծեծել իրեն, կամ մեկ այլ դրվագով տղամարդը սպանել իր հետ փաստացի բնակվող կնոջը:

Հիշեցնենք` անցած ամիս էր դեռ՝ մեծ աղմուկ հանեց Ջունգլ անունով հայտնի Գեւորգ Սարգսյանի կողմից կնոջը Երեւանի կենտրոնում ծեծելու դեպքը: Այս լուրը ցնցեց հանրությանը ոչ միայն այն պատճառով, որ հասարակական վայրում ընտանեկան խնդիրներ են պարզաբանվում, այն էլ` այդ ձեւով, այլեւ կինն ամուսնու դեմ հաղորդում էր տվել եւ հայտարարել, թե կատարվածը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր լուսանկարը ինչ-որ անհայտ անձի կողմից հավանելու պատճառով է եղել:

ՀՀ ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 25-ին Շենգավիթ վարչական շրջանում վարձակալած բնակարանում կնոջ դի էր հայտնաբերվել: Պարզվել է՝ նրան սպանել է իր հետ համատեղ բնակվող ընկերը, իսկ տեղի ունեցածի պատճառը խանդը է եղել: Ի դեպ, 37-ամյա կինը եւ նրա 34-ամյա ընկերը Երեւանի բնակիչներ չեն. մահացած կինը ծնունդով Արմավիրի մարզից էր, իսկ տղամարդը՝ Արարատից: Խանդի պատճառով ծագած վիճաբանության թեժ պահին էլ տղամարդը դանակով հարվածել է կնոջ ազդրին, ու թերեւս հնարավոր կլիներ խուսափել ողբերգական հետեւանքից, եթե ժամանակին նա դիմեր բուժօգնության, արդյունքում դանակահարությունից ժամեր անց արնահոսության հետեւանքով կինը մահացել է: Խոսակցություններ կան, որ տուժած կինը վախեցել է շտապօգնություն կանչել` խուսափելով իրավապահների հետ «առերեսվելուց»: «Ժողովուրդ» օրաթերթը իրավապահներին մոտ կանգնած աղբյուրներից երեկ պարզեց, որ 34-ամյա տղամարդն ինքնակամ է ներկայացել իրավապահներին:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է նաեւ, որ վերջին շրջանում եղել են մի շարք հաղորդումներ՝ կապված ընտանեկան բռնությունների հետ: Որպես կանոն՝ հաղորդում ներկայացնողները լինում են ընտանիքների կանայք:

Սակայն նախօրեին Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում տեղի ունեցած դեպքը շրջադարձային էր: Պարզվեց` այստեղ դեկտեմբերի 5-ին կինն է դանակահարել ամուսնուն: Ինչն է եղել կնոջ վրդովմունքի պատճառը, ինչի ազդեցության տակ նա գործի է դրել սուր կտրող-ծակող գործիք: Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ նախնական տեղեկություններով` ընտանեկան հարցերի շուրջ քննարկումները վերածվել են թեժ վիճաբանության, եւ տաքարյուն կինը գործի է դրել դանակը:
Գյուղապետի փոխանցմամբ` ամուսիններից մեկը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է, մյուսը` Արարատի մարզի Արտաշատ քաղաքից: Նրանք վերջերս են Քաղցրաշեն տեղափոխվել. «Կնոջը չեմ ճանաչում ընդհանրապես, իսկ ամուսինը՝ Իշխանը, խելոք, աշխատող տղա է: Աստծու գառը քեզ օրինակ: Աշխատում էր դաշտում»: Համայնքի ղեկավարը դժվարացավ այլ մանրամասներ հայտնել` պարզաբանելով, որ դեպքից հետո ամուսիններն ընդհատակ են անցել:

«ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ամուսիններն ունեն երկու անչափահաս երեխա՝ աղջիկ եւ տղա: Քաղցրաշեն համայնքում ապրում են վարձով: «Նորմալ ապրող ընտանիք են»,- մեզ հետ զրույցում նշեցին գյուղացիները:
ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կնոջը ձերբակալել են, ապա ազատ արձակել՝ երկրից չհեռանալու ստորագրությամբ: Ամուսինը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն արդեն դուրս է գրվել:
Գյուղում այս ընտանիքին, կարելի է ասել, ոչ ոք չի ճանաչում, շփում բնակիչների հետ չի եղել: Սակայն կիրթ, համեստ մարդկանց տպավորություն են թողել:

Հ.Գ. Երեկ ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել քննարկում՝ ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ։ «Մի բան է, որ հանցագործությունը կատարվում է փողոցում, մեկ այլ բան` ընտանիքում: Կարեւոր է ընտանիքի անդամների միջեւ հարգանքի սկզբունքի պահպանումը»,- հանդիպմանն ասել է իրապես ավանդական ընտանեկան բարքերը կրող ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը:
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ընտանեկան բռնությունները, համաձայն որի՝ 2015թ.-ին գրանցվել է ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության եւ ծանր մարմնական վնաս պատճառելու 23 դեպք, որից 16-ը՝ սպանություն. այն կազմում է հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված սպանությունների 17 տոկոսը։

Տաթեւ Հարությունյան




Լրահոս