«Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը հույս են ներշնչում։ Սա կայունության և համագործակցության ավելի մեծ հեռանկարներ է ստեղծում մեր ընդարձակ տարածաշրջանի համար»։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի Վրաստանի բյուրոն, այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (PABSEC) 67-րդ լիագումար նիստում ունեցած իր ելույթի ընթացքում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ այսօր տարածաշրջանն ունի մեծ ներուժ՝ ամրապնդելու իր դերը որպես առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապակցվածության կենտրոն։
«Հետագա համագործակցությունն ամրապնդելու համար մենք պետք է ներկայիս ժամանակահատվածը դիտարկենք ոչ միայն մարտահրավերների, այլև նոր հնարավորությունների տեսանկյունից», — նշել է խոսնակը։
Պապուաշվիլին հավելել է, որ այս ամսվա սկզբին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի լիարժեք շահագործման հանձնումը, որը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ռազմավարական նախագիծն է, փոխշահավետ համագործակցության և տարածաշրջանի զարգացման գործում ներդրված համատեղ ջանքերի վառ օրինակ է։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




























