Armenian text to speach

Մերժումների շղթան շարունակվում է․ ԿԿՀ-ն հերթական անգամ «կանաչ լույս» տվեց Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) շարունակում է մերժել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ քաղաքացիների բողոքները։ Հունիսի 26-ին հանձնաժողովը, որի նախագահն է Մարիամ Գալստյանը, հերթական անգամ որոշեց չհարուցել վարույթ վարչապետի նկատմամբ՝ փաստացի պաշտպանելով նրա վիճահարույց հայտարարություններից մեկը։

Խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, ըստ որի՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկած քաղաքացիների շուրջ 70 տոկոսը ընտրակաշառք է ստացել։

Քաղաքացու դիմումը․ «Մեղադրվում է յուրաքանչյուր վեցերորդ քաղաքացին»

Հունիսի 19-ին քաղաքացի Սեմյոն Բաբայանը երկու դիմում էր ներկայացրել ԿԿՀ՝ պահանջելով վարույթ հարուցել վարչապետի նկատմամբ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված էթիկայի կանոնների հնարավոր խախտման հիմքով։

Դիմումատուն մատնանշել էր, որ ԿԸՀ պաշտոնական տվյալներով հիշյալ քաղաքական ուժերին քվեարկել է 544 հազար 451 քաղաքացի։ Փաշինյանի ներկայացրած հաշվարկից հետևում է, որ ընտրակաշառք ստացածների թիվը կարող է հասնել մոտ 381 հազար մարդու։

Բաբայանի գնահատմամբ՝ վարչապետը, առանց որևէ դատական ակտի կամ ապացուցված հանգամանքի, փաստացի կոռուպցիոն վարքագծի մեջ է կասկածում Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների՝ նրանց ներկայացնելով որպես ընտրակաշառք ստացած անձինք։

Դիմումատուն ընդգծել էր, որ նման հայտարարությունները կարող են վնասել պետության հեղինակությանը, խաթարել ներդրումային միջավայրը, ինչպես նաև կասկածի տակ դնել անմեղության կանխավարկածի և մարդու արժանապատվության պաշտպանության սկզբունքները։

ԿԿՀ-ի հիմնավորումը․ «Կային սոցիոլոգիական տվյալներ»

Հանձնաժողովը ուսումնասիրել է վարչապետի հունիսի 17-ի Ազգային ժողովի ելույթն ու հունիսի 18-ին տված ճեպազրույցը և եկել այն եզրակացության, որ Փաշինյանի արտահայտություններն ունեցել են «փաստական հենք»։

ԿԿՀ-ի գնահատմամբ՝ վարչապետն իր պնդումները հիմնավորել է սոցիոլոգիական հարցումների արդյունքներով և ընտրակաշառքի վերաբերյալ հարուցված քրեական վարույթների առկայությամբ։

Հանձնաժողովը նաև արձանագրել է, որ քաղաքական բանավեճի շրջանակներում խոսքի ազատության սահմաններն ավելի լայն են, իսկ վարչապետի հայտարարությունները չեն ունեցել վիրավորելու նպատակ, այլ ուղղված են եղել քաղաքական քննադատությանը և հնարավոր իրավախախտումների գնահատմանը։

Արդյունքում ԿԿՀ-ն եզրակացրել է, որ վարչապետի վարքագծում բացակայում են էթիկայի կանոնների առերևույթ խախտման հատկանիշները, և մերժել է վարույթ նախաձեռնելու պահանջը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրաժարվում է քննության առնել Նիկոլ Փաշինյանի հասցեին ներկայացված դիմումները։ Վերջին ամիսներին տարբեր քաղաքացիներ ևս փորձել են նախաձեռնություն ցուցաբերել վարչապետի հրապարակային հայտարարությունների և վարքագծի վերաբերյալ, սակայն բոլոր դիմումները նույն ճակատագրին են արժանացել՝ մերժվել են դեռևս նախնական փուլում։

Այս ֆոնին ավելի ու ավելի հաճախ են հնչում հարցադրումներ՝ արդյո՞ք ԿԿՀ-ն գործում է որպես անկախ վերահսկող մարմին, թե՞ քաղաքականապես զգայուն հարցերում նախընտրում է չմտնել իշխանության հետ առճակատման դաշտ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս